Խաղի մոլուցքը էներգիա է, որ պետականորեն պիտի ուղղորդվի ստեղծագործականությանը, ուսմանը, աշխատանքին․ հոգեբան
copy image url

Խաղի մոլուցքը էներգիա է, որ պետականորեն պիտի ուղղորդվի ստեղծագործականությանը, ուսմանը, աշխատանքին․ հոգեբան

Ներքին 2 տարի առաջ - 22:00 28-11-2022
Հայաստանում այս տարվա 9 ամիսների տվյալներով 4․2 տրիլիոն դրամի խաղադրույքներ է եղել․ վերջին երկու տարվա ընթացքում խաղադրույքներն ավելացել են ավելի քան երկու անգամ․ տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից։ Պետությունը դիտարկում է խաղադրույքների տնտեսական ասպեկտը, սակայն առավել լուրջ է դրա հոգեբանական կողմը։ Խաղերից կախում ունեցող մարդիկ այս ոլորտում են թողնում իրենց ողջ ունեցվածքը, պարտվում են իրենց մտերիմների շարժական ու անշարժ գույքը, պարտքեր վերցնում ու ստիպում հարազատներին վաճառել բոլոր միջոցներն ու մարել իրենց պարտքերը։ Երբեմն էլ անհուսության եզրին՝ վերջ են տալիս իրենց կյանքին։

Պատասխանատո՞ւ է պետությունն այս ամենի համար, թե՞ ենթադրվում է, որ չափահաս է մարդն ու իր արարքների-որոշումների համար բացառապես ինքն է պատասխանատու։ Թեմայի շուրջ Oragir.News-ի հարցերին է պատասխանել հոգեբան, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արկադի Մեհրաբյանը։
Խաղամոլության տարածումը կարո՞ղ է հանգեցնել ինքնասպանությունների աճի՝ հարցրեցինք։ «Խաղերից կախումը կարող է հանգեցնել ինքնասպանության ցանկության․ մարդը կորցնում է կյանքի իմաստը կամ էլ ելք չի տեսնում։ Դա կարող է մահվան ելք չունենալ, ինքնախեղման, ինքնավնասման փորձերը կարող են շատանալ»,- ասաց Մեհրաբյանը՝ նշելով, որ երբ մարդը փորձում է ինքնասպանության պատրանքով ուշադրություն գրավել, դա իրականում ոչ թե ինքնասպանության փորձ է, այլ՝ մանիպուլյացիա։ «Եթե մարդն իսկապես միտված է կյանքին վերջ տալ ու չունի հոգեկան շեղումներ, նա կանի դա․ այնքան էլ դժվար չէ անել այնպես, որ ոչ ոք չտեսնի դա, չիմանա։ Եթե դա չի ստացվում, ուրեմն ինքն ուղերձ է հղում, փրկության ուղիներ որոնում»,- ասաց Մեհրաբյանը։

Այստեղ պետությունը դեր ունի՞, թե՞ դա մարդու և բիզնեսի հարաբերության հարցն է․ հարցրեցինք։ Հոգեբանի կարծիքով՝ այս առումով պետության դերը մեծ է մարդու կյանքում վաղ մանկությունից սկսած։ «Ամբողջ աշխարհում էլ խաղերի նկատմամբ պետական մոտեցումը գաղափարախոսական խնդիր է։ Այստեղ ուղղակի գրում են «Խաղալը հարստանալու միջոց չէ», բայց դրա համար արդեն շատ ուշ է։ Դա վաղ էր պետք անել։ Սովորաբար խաղում են նրանք, ովքեր փոքր ժամանակ խաղի պահանջմունքը չեն բավարարել»։
Նկատեցինք, որ փաստորեն, սա մի ամբողջ համակարգ է՝ փոքր ժամանակ մենք չենք բավարարում երեխայի խաղի պահանջմունքը՝ գուցե ծանրաբեռնելով դասերով, «մեծական» պարտականություններով, իսկ հետո արդեն նա խաղում է վտանգավորության աստիճանի։ «Այո, միգուցե ժամանակ չունենալու, կամ էլ այլ պատճառներով խաղի պահանջմունքը չբավարարած մարդիկ են նրանք։ Բայց պիտի նշենք, որ խաղը միայն խաղալու համար չէ, այդպես մտածելը ևս վնասում է։ Խաղը պիտի կամք դրսևորի, խաղը պիտի սովորեցնի հաղթել, պարտվել։ Դա պիտի արվի ինչ-որ բանին ի նպաստ։ Երեխան պիտի այնքան չխաղա, որ իր մոտ ձևավորվի խաղամոլություն, այլ այդ ամենը պիտի համակարգված լինի ընտանիք-պետություն-կրթություն կապերով։ Պիտի այդ բոլոր ոլորտները աշխատեն նույն ոգով»,- ասաց նա։

Երբ խնդիրը հասնում է մոլուցքի, ինչպե՞ս է հնարավոր այն բուժել․ «Վատ է, որ այն օգտագործում են բիզնեսի համար։ Ցանկացած մարդ ունի ազարտի ընկնելու հատկություն՝ առավել կամ պակաս չափով։ Մարդը, որ ծնվում է, արդեն իսկ հաղթող տեսակ է, ինքն առաջ գնալու, հաղթելու պահանջ ունի։ Ու ինձ համար այդ մոլուցքներից ազատվելու միակ տարբերակն այն դրական գործունեությանը ուղղելն է՝ ստեղծագործականություն, աշխատանք, ուսում, հայրենիքին նվիրում։ Այն ամենը, որ տանում է ոչ թե դեպի կործանում, այլ՝ զարգացում։ Հաճախ մարդու մեջ խաղի նկատմամբ մոլուցք, ազարտ տեսնելով՝ փորձում են նրանց հեռու, մեկուսացած պահել, որ իբր ինքը չխաղա, մոլուցքով չտարվի, բայց դա ապրելու էներգիայի նման մի բան է։ Այն արտադրվում է ու պիտի ծախսվի։ Եվ հարկ է նկատել, որ եթե ստեղծագործականը որոշակի ճիգ է ենթադրում, ապա խաղը՝ ոչ։ Չենք ասում, թե բոլոր երեխաները կարող են վան գոգ ու գյուտարար մեծանալ, բայց բոլորն էլ կարող են ստեղծագործ ու նորարար լինել։ Եվ դա նույն էֆեկտն է ունենալու [ինչ խաղից ստացած հաճույքը]։ Ուղղակի լավ կլինի, որ դա լինի երկարատև, ոչ թե՝ դրվագային։ Եվ այդ դեպքում ժամանակ էլ չի լինի այլ բանի վրա կենտրոնանալու»։

Ծուլությունն այս ամենի հետ կապ ունի՞․ չէ՞ որ մարդը ձգտում է առանց լուրջ ռեսուրսներ ներդնելու արագ հարստանալ՝ հարցրեցինք։ «Ոչ, իրականում արագ հարստանալու մասին մտածելն է սխալը՝ այդ մտածողությունը․ ինչպես ասում են, «կպցնելու» ձգտումն է սխալը (և ոչ միայն գումարային առումով): Բայց կրկնենք․ եթե մարդը մտածեց, որ խաղը հարստանալու միջոց է, ապա նա, վերջ, կործանվելու է»։

Այսինքն՝ վաղ շրջանից պետությունը պիտի զատորոշի երեխայի մեջ այդ ջիղը՝ մոլեգին հաղթանակի ձգտելը, ու այն ճիշտ ուղղորդի՞։ «Եթե ինձ հարցնեին, ես քրեական պատիժ կսահմանեի նրանց նկատմամբ, որ մոլախաղ են կազմակերպում՝ ֆինանսական-նյութական շահ են դնում այդ ամենի տակ։ Երկրորդը՝ նաև նրանց նկատմամբ, ովքեր խաղում են։ Ինչպես թմրանյութերի պարագայում է․ արգելքը զսպում է, եթե լեգալացվի, բազմակի կմեծանա թմրամոլների թիվը։ Իմ կարծիքով, պետության կողմից շատ ավելի հեշտ է զսպող մեխանիզմների կիրառումը, քան հետո այսքան ռեսուրսներ ներդնել, և վերջում կարող է և չստացվի»։

Հիշենք, որ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղադրույքների ոլորտը դիմադրում էր փոփոխություններին, բայց «իրենց հաջողվել է խաղային ոլորտը կարգավորել»։ Շրջանցելով մարդկային ողբերգությունները՝ կառավարությունն իր հաշվարկներն է անում՝ ակնկալելով, որ այս տուրքի գործողության մեջ մտնելուց հետո լրացուցիչ մոտ 12 միլիարդ դրամ է հավաքվելու։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում