Նրանք, ովքեր խորհրդային մանկություն են ունեցել, հաստատ կհիշեն «Սոյուզմուլտֆիլմի» նկարահանած հայտնի «Ջրահարսը» անիմացիոն կինոնկարը։ Գեղեցկագույն, հուզիչ, ճաշակով այդ մուլտֆիլմն ինձ հմայում էր իր հեքիաթային սիրո պատմությամբ, և ես` ամեն ինչի մասին մոռացած, հարյուրերորդ անգամ այդ մուլտֆիլմը կլանված դիտում էի այնպես, կարծես առաջին անգամն էր։ Վերջում մի դրվագ կա, երբ անիմացիան փոխարինվում է իրական լուսանկարով և Ջրահարսի արձանի լուսանկարի կողքին էքսկուրսավարը պատմում է այս հրաշալի հեքիաթ-լեգենդը, իսկ հուզված զբոսաշրջիկները լաց են լինում։ Չգիտեմ` լուսանկարն էր մոտիկից արված, թե ես էի փոքր, բայց Ջրահարսի արձանը ինձ թվում էր մեծ, խոշոր ու հսկայական` ինչպիսին մեր տեսած խորհրդային արձաններն ու քանդակներն էին։ Սակայն, մանկությունիցս շատ տարիներ անց, երբ եղա Կոպենհագենում ու տեսա Ջրահարսի արձանը, առաջին տպավորութունը զարմանքն էր։ Որքան փոքրիկ էր իմ պատկերացրած այդ «մեծ» արձանը։ Իմ առջև փխրուն, նիհար, նուրբ ու սիրուն մի Ջրահարս էր, ով այնքան խոցելի, անպաշտպան, անզոր էր թվում զբոսաշրջիկների մեծաթիվ ամբոխի առաջ։

Ջրահարսի դրամատիկ պատմությունը իսկական սիրո մասին մի տխուր հեքիաթ է, որը 1836 թվականին գրել է դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։ 73 տարի անց Դանիայի արքայական թատրոնում Անդերսենի այս հեքիաթի մոտիվներով բեմադրվեց մի բալետ, որը մեծ հաջողություն ունեցավ հանրության շրջանում։ Այս ներկայացումը խորապես ցնցել էր «Carlsberg» գարեջրի ընկերության հիմնադրի որդուն` Կառլ Յակոբսենին։ Հենց նրա պատվերով էլ դանիացի քանդակագործ Էդվարդ Էրիքսենը կերտեց չքնաղ Ջրահարսի արձանը։ Յակոբսենի ցանկությունն էր, որ արձանի բնորդը լինի Ջրահարսի դերակատար, պրիմաբալերինա Էլեն Փրայսը։ Էլենը, սակայն, հրաժարվեց մերկ աշխատել, ուստի և քանդակագործը նրա կեցվածքն օգտագործեց միայն Ջրահարսի գլուխը ստանալու համար, իսկ Ջրահարսի մերկ մարմնի բնորդը դարձավ քանդակագործի կինը։

Երբ արձանը լիովին պատրաստ էր, Կարլ Յակոբսենը այն նվիրեց իր սիրելի քաղաքին։ 1,25 մետր բարձրությամբ ու 175 կգ կշռով Ջրհարասի բրոնզե քանդակը 1913 թվականի օգոստոսի 23-ին տեղադրվեց Դանիայի մայրաքաղաքի նավահանգստում։ Եվ արդեն ավելի քան մեկ դար շարունակ Դանիայի խորհրդանիշը դարձած Ջրահարսը մերկ նստած է ծովափի քարերից մեկին` հայացքը հառած հեռուն։ Այս քանդակը Կոպենհագենում նույն հնչեղությունն ունի, ինչ Էյֆելյան աշտարակը` Փարիզում։ Աշխարհի տարբեր երկրներից այստեղ գալիս են տեսնելու նախևառաջ այս արձանը։ Նավաստիները նավարկությունից վերադառնալիս ծաղիկներ են բերում փոքրիկ Ջրահարսին։ Բոլորը հիանում ու անվերջ լուսանկարվում են քանդակի կողքին։
Սակայն համատարած այս սիրո ու հիացմունքին զուգահեռ` Ջրահարսի արձանը պարբերաբար ենթարկվում է վանդալիզմի։ 1960-ականներից սկսած՝ այս գեղեցիկ ու անպաշտպան արարածը ինչեր ասես, որ չի տեսել։
1964-ի ապրիլի 24-ին քանդակի գլուխը սղոցեցին և գողացան պահպանողական շարժման նկարիչները։ Կտրված բրոնզե գլուխն այդպես էլ չգտան. լավ է, որ գոնե պահպանվել էր նրա գիպսե տարբերակը։ Եվ Ջրահարսի կորսված գլուխը դարձյալ ձուլեցին։

1984-ի հուլիսի 22-ին սղոցեցին Ջրահարսի աջ ձեռքը։ Վանդալները դեռահասներ էին, ձեռքը վերադարձվեց երկու օր անց։

1990-ին կրկին փորձեցին արձանի գլուխն առևանգել, սակայն ձախողվեցին` Ջրահարսի պարանոցին թողնելով 18 սանտիմետրանոց կտրվածք։
1998-ի հունվարի 6-ին վանդալները նորից գլխատեցին քանդակը։ Հանցագործները չհայտնաբերվեցին, սակայն գլուխը թողել էին հեռուստակայանի մոտ։
Այս արձանը բազմիցս ներկել են կարմիր ներկով, մի անգամ կրծկալ են նկարել վրան, անգամ փաթաթել են փարաջայով` ի նշան բողոքի, որ Թուրքիան չդառնա Եվրամիության անդամ։

2006-ի մարտի 8-ին քանդակը ներկեցին կանաչ գույնով և պատվանդանին մակագրեցին` «մարտի 8»։ 2007-ին ևս մեկ անգամ ներկեցին, հետո փարաջա և հիջաբ հագցրեցին։

2010 թվականին Ջրահարսի քանդակը մի քանի ամսով լքեց Կոպենհագենը։ Սակայն այս անգամ նպատակը բարի էր։ Քանդակը ցուցադրվելու էր Շանհայի համաշխարհային ցուցահանդեսի` մանուկների համար նախատեսված տաղավարում։ Վանդալիզմից խուսափելու համար քանդակի ճամփորդության ուղերթը գաղտնի էր պահվել, իսկ ցուցահանդեսում սահմանվել էր խիստ հսկողություն։
Կոպենհագեն վերադարձից հետո քաղաքի իշխանությունները արձանը տեղափոխեցին նավահանգստի խորքը, դժվար հասանելի ու առավել ապահով վայր` վանդալիզմի դրսևորումներից և զբոսաշրջիկների` քանդակի վրա բարձրանալուց խուսափելու համար։
2013-ին դանիացիները մեծ շուքով նշեցին «Ջրահարսի» արձանի ստեղծման 100-ամյակը։ Նրանք վստահ են, որ քանի դեռ խորհրդանիշ դարձած քանդակը ապահով և անվտանգ իր տեղում է, նշանակում է` երկրում ամեն ինչ կարգին է։
Նաիրա Եղիազարյան