Պաշտոնյաներին ավելի շատ փող է պետք, աղքատներն առանց դրա էլ երջանիկ են․․․
copy image url

Պաշտոնյաներին ավելի շատ փող է պետք, աղքատներն առանց դրա էլ երջանիկ են․․․

Ներքին 2 տարի առաջ - 22:20 21-11-2022
Հայաստանում նվազագույն աշխատավարձի շեմը հաջորդ տարվա առաջին օրից կբարձրանա 7 հազ․ դրամով՝ 68․000 դրամից հասնելով 75․000 դրամի։ Կառավարության ներկայացրած այս նախագիծը ՀՀ ԱԺ-ն ընդունեց 68 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ։ ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ մոտ 47 տոկոս միջին աղքատություն ունեցող երկրի համար այս դեպքում, թերևս, պետք է գործի «լավ է քիչ, քան ոչինչ» սկզբունքը։

Հարցը, սակայն, դիտարկենք նաև մեկ այլ տեսանկյունից։ ԿԲ հրապարակած տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում ամենասովորական ապրելակերպ վարող քաղաքացու նվազագույն պարենային զամբյուղի արժեքն ավելացել է 46 %-ով։ Իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն սպառողական զամբյուղի ծավալը՝ 26 %-ով։ Սննդամթերքի միջինացված ծախսը, վերջին տվյալներով, կազմում է նվազագույն աշխատավարձի ավելի քան 70 տոկոսը։

Սրան գումարենք նաև ԿԲ կողմից հայտարարված 4 % գնաճի չարդարացված ակնկալիքները։ Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս այն գրեթե կրկնակի գերազանցեց բոլոր կանխատեսումները։ 2022 թվականի 9 ամսվա ցուցանիշով, մեր երկրում գնաճն արդեն իսկ հասել էր 8,5 %-ի։ Սա 1,3 %-ով գերազանցում է անգամ անցած տարվա գնաճի անսպասելի բարձր ցուցանիշը (7.7 % )։ Սեպտեմբերին արդեն գնաճը 9,9 % էր։ Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այս ցուցանիշը կհասնի 10 %-ի։

Այս ցուցանիշների ֆոնին՝ նվազագույն աշխատավարձի 10%-ի չափով բարձրացումը հազիվ թե որևէ մեկի կյանքում «եղանակ փոխի»։

Հիշեցնենք, որ Կառավարության ծրագրով՝ 2023 թվականի պետբյուջեով 25 մլրդ դրամով նախատեսվում է նվազեցնել պետական ապարատի պարգևավճարների չափը։ Ավելի ուշ, սակայն, ՀՀ ֆինանսների նախարարը հայտարարեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ կբարձրանա նաև պետական աշխատողների աշխատավարձը։ Այլ բառերով ասած՝ իշխանությունները գտել են հանրային քննադատություններից խուսափելու տարբերակ։ Նախկինում աշխատավարձից զատ պետական այրերին տրվող պարգևավճարների մի մասն այսուհետ պարզապես կմիացվի այդ աշխատավարձերին։

Շրջանառվում են անգամ պետական այրերի տարբեր շրջանակներում բարձրացվող աշխատավարձերի մի քանի թվեր։ Այսպես օրինակ՝ ըստ այդ տվյալների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի հայտարարագրած 11,931,874 դրամը կարող է դառնալ 11.932.117 դրամ՝ ավելանալով 243 հազար դրամով, նախարարների աշխատավարձն էլ կմեծանա 142 հազար դրամով, իսկ պատգամավորները կստանան 120 հազար դրամով ավելի շատ աշխատավարձ։

Ամենից շատ դիտված