Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը նշանակվելու է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ևս մեկ անգամ բացահայտում է ՔՊ-ական իշխանության կադրային քաղաքականության էությունը: Նման նշանակումները հաճախ ներկայացվում են որպես նորարարական մոտեցում կամ երիտասարդական ներուժի խթանում, բայց իրականում դրանք ավելի շատ ծառայում են նեղ քաղաքական շահերին և փողային հետաքրքրություններին:
Ուշագրավ է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից Էդուարդ Հակոբյանի գովերգումը, որը կարելի է համարել համակարգային կեղծավորության վառ օրինակ: Իշխանության ներկայացուցիչները փորձում են հանրությանը ցույց տալ, թե իրենց թիմում նշանակվում են բացառապես «բանիմաց և աշխատասեր» մարդիկ, մինչդեռ իրականությունը ցույց է տալիս լրիվ հակառակը:
ՔՊ իշխանության կադրային քաղաքականության գլխավոր խնդիրն այն է, որ նշանակումների ժամանակ առաջնահերթությունը տրվում է ոչ թե մասնագիտական պատրաստվածությանը կամ բարոյական բարձր արժեքներին, այլ անձնական հավատարմությանը և առաջնորդին քծնելու ունակությանը: Այս պայմաններում իրական պրոֆեսիոնալիզմը մղվում է հետին պլան, իսկ խոնարհումը վերածվում է գլխավոր չափանիշի: Եթե այսպես չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանը չէր կարող խնդրել մարդկանց հրաժարական տալ ու վստահ լիներ, որ իր խնդրանքը չեն մերժի։
Այս մոտեցումը ուղիղ վնաս է հասցնում քաղաքական համակարգին: Խելացի և բանիմաց կադրերը կա՛մ հեռանում են, կա՛մ մնում անտեսված, մինչդեռ քծնանքն ու անսկզբունքայնությունը դառնում են առաջխաղացման միակ ուղին, պահանջված ունակությունները: Արդյունքում՝ կարևորագույն պետական պաշտոնները վստահվում են ոչ թե թիմակիցնեին, այլ անհասկանալի անցյալ ունեցող մարդկանց, որոնք չունեն թիմային կապվածություն քաղաքական առաջնորդի կամ թիմի հետ, բայց խոստանում են փող բերել։
Այս ամենը առավել սուր է դառնում, երբ հաշվի ենք առնում ՊԵԿ նոր նախագահին գովերգող Վահե Հովհաննիսյանի անձնական անցյալը: Միլիոնավոր դոլարների անտոկոս վարկերի պատմություններն ու սեփական բիզնեսները քեռու անունով գրանցելու պրակտիկան կասկածի տակ են դնում ոչ միայն նրա անձնական ազնվությունը, այլև նրա գնահատականների անկեղծությունը: Եթե նա գովաբանում է Էդուարդ Հակոբյանին, ապա ինքնին կասկած է հարուցում, որ գովեստն արվում է հուշելու, որ ՊԵԿ նոր նախագահն աչքի է ընկնելու անազնիվ ու անարդար գործարքներով:
Նկատելի է, որ ՔՊ իշխանության անդամներին միավորում է ոչ թե հանրային ծառայության ոգին կամ ժողովրդավարական արժեքների հանդեպ հավատարմությունը, այլ գումարը և այն կառավարելու ցանկությունը, հարկատուների միջոցները նեղ անձնական շահերի սպասարկմանն ուղղելու մղումը: Արդյունքում՝ կոռուպցիոն ռիսկերն աճում են, իսկ պետական համակարգի նկատմամբ հանրային վստահությունն ամբողջովին քայքայվում։
ՊԵԿ նոր նախագահի նշանակումը այնքան անսպասելի է, որ հանրային կասկած է հարուցել։ Նիկոլ Փաշինյանը փորձված թիմակցին փոխարինել է քաղաքական բարձրագույն լիգայում անհայտ, բայց կառավարությունում աշխատանքի փորձառություն ունեցող պաշտոնյայով։ Հանրային կասկածն առնչվում է նշանակման մութ կողմին։ Ենթադրվում է, որ ՊԵԿ նոր նախագահը պարտավորվել է ոչ միայն օրինական հարկեր հավաքել, այլև խիստ պայքար մղել ստվերի դեմ, ապահովելով հավելյալ մուտքեր բյուջե, ինչպես նաև հավանական կողմնակի եկամուտներից կանխիկ մուծվել Նիկոլ Փաշինյանին։ Եթե այս ենթադրությունն անիրական է, ապա Ռուստամ Բադասյանին փոխելն անիմաստ էր։ Բայց եթե քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեն արվելու, արտաքին ներդրումների ներգրավման ուղղությամբ, ապա տնտեսության զարգացում չի լինելու։ Հետևաբար՝ հավելյալ մուտքերի մի մասն օրինական չի լինելու։
Պարզ ասած՝ չկա լավատեսության հիմք, որ պաշտոնանկ արվածների փոխարեն նոր պաշտոնյաներն աշխատելու են ի շահ պետության և ժողովրդի։ Իսկ մտահոգիչն այն է, որ այս նոր նշանակմամբ կասկած առաջացավ, որ ՔՊ-ական իշխանության հիմնական հետաքրքրությունը այսուհետև չի թաքնվելու խոստացված բարեփոխումների տեքստերում, այլ բացահայտ կենտրոնանալու է ֆինանսական ռեսուրսների կառավարման վրա: Պատկերավոր ասած՝ Փաշինյանին փող է պետք, և որքան հնարավոր է՝ շատ։
Թաթուլ Մկրտչյան