Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը կշարունակի գործել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանն այս մասին ասել է այսօր՝ Թուրքիայի մեջլիսում իր ղեկավարած կուսակցության պատգամավորների հետ կայացած հանդիպման ընթացքում։
Էրդողանը տեղեկացրել է, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զանգահարել է Թուրքիայի ազգյին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և հայտնել, որ ժամը 12։00-ի դրությամբ հացահատիկային բեռների փոխադրումը կշարունակվի, ինչպես այն նախատեսված էր։
Նա դիմելով Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ մասնավորապես ասել է. «Տեսնում եք պարոն Քեմալ, որ մենք ոչ թե տարածաշրջանային, այլ գլոբալ մակարդակում ենք աշխատում և շարունակելու ենք նույն կերպ աշխատել»։
Էրդողանը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ունեցած պայմանավորվածության շրջանակներում հացահատիկային միջանցքով փոխադրվող բեռներն առաջին հերթին ուղղվելու են Աֆրիկայի աղքատ երկրներին։ Նրա խոսքով Պուտինը խորհուրդ է տվել առաջին փուլում դիտարկել Սոմալին, Ջիբութին և Սուդանը, և իրենք այդպես էլ կանեն։