Մայքլ Առլեն. «պատվով մեռնելու անընդունակ մի ցեղի զավակը»
copy image url

Մայքլ Առլեն. «պատվով մեռնելու անընդունակ մի ցեղի զավակը»

Մշակույթ 2 տարի առաջ - 23:00 16-11-2022
20-րդ դարի սկզբին համաշխարհային գրականության մեջ հայտնվեց «Կանաչ գլխարկ» վեպը, որն անասելի հաջողություն ունեցավ։ Թարգմանվեց բազմաթիվ լեզուներով, հրատարակվեց անթիվ անգամներ, բեմադրվեց թատրոններում, էկրանավորվեց երկու անգամ`1928-ին` «Դավաճանությունների հակված կինը», 1934-ին՝ «Ափ նետված կինը» վերնագրերով:



Աշխարհահռչակ դերասան Չարլի Չապլինը այս վեպը համարեց «սիրո արտակարգ մի պատմություն՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ից հետո»:



Այս աղմկոտ ճակատագրով վեպի հեղինակը անգլիացի-ամերիկացի գրող Մայքլ Առլենն է։ Մեզ համար այս պատմության կուլմինացիան գրողի ազգությունն է։

Մայքլ Առլենը հայ է, իսկական անվամբ` Տիգրան Սարգսի Գույումջյան։

Նա ծնվել է 1895-ի նոյեմբերի 16-ին Բուլղարիայի Ռուսա քաղաքում։ Նախնիները անեցիներ էին, որ տեղափոխվել էին Պոլիս, ապա Ցեղասպանությունից փրկվելու համար գաղթել Բուլղարիա։

1901-ին Գույումջյանների ընտանիքի հայրը, կնոջ և հինգ երեխաների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է տեղափոխվել անգլիական Լանկաշիր կոմսություն։ Այստեղ Տիգրանը գերազանցությամբ ավարտում է Մալվերն քոլեջը և ընդունվում Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետ։



1916-ից լոնդոնյան թերթերում և ամսագրերում հատնվում են հոդվածներ, որոնց հեղինակը Տիգրան Գույումջյանն էր։ 1922 թվականին Տիգրան Գույումջյան մակագրությամբ հրատարակում է է մի փոքրիկ ժողովածու՝ «Լոնդոնյան գրառումներ» վերնագրով։

Մայքլ Առլենը գրողի կեղծանուն չէ։ 1914 թվականին, Լոնդոն տեղափոխվելուց մեկ տարի անց, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Տիգրանը՝ որպես Գերմանիայի դաշնակից երկրի` Բուլղարիայի հպատակ, խնդիրներ ունեցավ։ Նա չէր կարող բրիտանական քաղաքացիություն ստանալ առանց ազգանունը փոխելու ու հենց այդ պատճառով երբեմնի Տիգրան Գույումջյանը դարձավ Մայքլ Առլեն։

Առանձնակի ուշադրության են արժանի 1916-17 թվականներին Լոնդոնի «Արարատ» պարբերականում տպագրված հայ ինքնության մասին Մայքլ Առլենի հոդվածները, որտեղ նա քննադատում էր հայերի հանդեպ ունեցած բրիտանական կեղծ կարծրատիպերը։ Նա փորձում էր ապացուցել, որ հայը քաղցած ու անօգնական կերպար չէ, այլ ապստամբ, քաջ մարտիկ, պայքարող ու աննկուն մարդ, որին բնորոշ է անկախության ձգտումը, որն ունակ է ինքնակառավարման և այնքան էլ չի տարբերվում բրիտանացիներից։



Հոդվածներից մեկում Առլենը քննադատել է Անգլիայի հայ երիտասարդներին, որոնք, փորձելով թաքցնել իրենց ծագումը, վերածվել են սովորական, աննկատ առարկայի։ Սակայն այս հարենասիրական նկրտումներն ու գաղափարները կարճ կյանք են ունեցել Մայքլ Առլենի կյանքում։ Կորցնելով հայ միջավայրում գրական կարիերա անելու հույսը՝ նրան անհետաքրքիր են դառնում նաև ազգային թեմաները։ Կտրուկ փոխվում է Առլենի մտածողությունը, հայացքներն ու ազգային գաղափարները։ Նա հանգում է այն մտքին, որ նոր բան ստեղծելու ընդունակ են միայն պետություն ունեցող ազգերը, բայց ո՛չ պետականությունը կորցրած հայերն ու հրեաները։

Մայքլ Առլենը սկսում է ակտիվ քննադատել այն միտքը, թե քրիստոնեությունն օգնել է հայերին գոյատևել։ Նա վստահ էր, որ եթե հայերը մնային հեթանոս, ապա միշտ հաղթող կլինեին ու ոչ երբեք պարտված։ Նա հանգել է այն եզրակացությանը, որ ազգությունը միայն «կռվախնձոր է միջակությունների վեճերի համար»։

Մայքլ Առլենի այս հոդվածները բավական ուշացումով՝ գրեթե տասը տարի անց, կարդում և քննադատում է ռազմական ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհը։ 1930-ին Սոֆիայի «Նոր Արաքս» ամսագրում տպագրվում է Նժդեհի բաց նամակը Մայքլ Առլենին։ Հայ զորավարը հայազգի գրողին քննադատում է անողոք ու դաժան։ Նա գրում է.

«Բաներ կան, միստր, որոնք յաւիտեան պաշտելի են - Աստուած, Հայրենիք, Մայր- որոնց մասին մարդ արարածը, եթէ հոգեպէս խաթարուած չէ, չի՛ կարող առանց կրօնական յարգանքի խօսել: Այդ տարրական պաշտամունքի դէմ, խօսելով Հայաստանի մասին, դուք մեղանչել էք կոպտօրէն:

Ամերիկեան մի լուրջ ամսագրի էջերէն դուք արհամարհանքի ծանր քարեր էք նետել մեր ցեղի հասցէին: Ձեզ «պատուով մեռնելու անընդունակ ցեղի մը զաւակ»-ը համարելով` դուք բացագանչել էք աներկիւղածօրէն. «Դարերով անարգ նահատակութեանց եւ գձուձ փախուստների ժողովուրդ… ո՛վ Հայաստան, ո՛վ տգեղ դարպասող», եւ այլն:
Այսպէ՛ս, հայածին Մայքըլ, այսպէս էք խօսել հայութեան մասին»:



Երբ տպագրվեց Նժդեհի նամակը, Մայքլ Առլենն արդեն իր փառքի գագաթնակետում էր։ Լոնդոնում նա ապրում էր անգլիացի բարձրաշխարհիկ ջենթլմենին համարժեք կյանքով։ Միշտ անթերի հագնված էր ու խնամված, աչքի էր ընկնում նրբաճաշակ վարքագծով։ Նա Լոնդոնում շրջում էր գերժամանակակից դեղին Rolls Royce-ով և մասնակցում շքեղ միջոցառումների: Հոլիվուդը արդեն նկարահանել էր իր «Կանաչ գլխարկ» վեպի հիման վրա ֆիլմ, որտեղ գլխավոր դերում Գրետա Գարբոն էր։ Time ամսագիրը ոչ միայն բազմաթիվ ու երկար հոդվածներ էր տպագրել նրա մասին, այլ նաև իր շապիկին տեղադրել էր Առլենի լուսանկարը։



Հաջողությունը համառորեն հետապնդում էր գրողին։ Անձնական կյանքում նույնպես ամեն ինչ հարթ էր ու անթերի։ 1928-ի մայիսի 1-ին Կաննում Մայքլ Առլենը ամուսնանում է հույն կոմսուհի Ատլանտա Մերկատեի հետ: 1930-ին Լոնդոնում ծնվում է նրանց առաջնեկը՝ Մայքլ Ջոն Առլենը, 1933-ին էլ դուստրը՝ Վենեթթին:

Պատերազմի տարիներին հայտնի գրողը նշանակվում է քաղաքացիական պաշտպանության կոմիտեի հասարակայնության հետ կապերի ղեկավար, սակայն շուտով ստիպված թողնում է պաշտոնը՝ Մեծ Բրիտանիայի հանդեպ ունեցած հավատարմության վերաբերյալ կասկածների պատճառով։ 1943-ին Առլենների ընտանիքը փոխադրվում է Նյու Յորք, իսկ 1952-ին ստանում են ԱՄՆ քաղաքացիություն։ Սակայն կարճ ժամանակ անց՝ 1956-ի հունիսի 23-ին, Մայքլ Առլենի կյանքն ավարտվում է։

Նյու Յորքում թոքերի քաղցկեղից իր մահկանացուն կնքած 60-ամյա գրողը հասցրել էր վայելել փառք ու հաջողություն, ապրել հետաքրքիր ու բովանդակալից կյանքով։ Տվյալ ժամանակի մամուլը նրան համեմատել էր Օսկար Ուայլդի, Գի դը Մոպասանի, Օլդոս Հաքսլիի, Հերբերթ Ուելսի հետ։



Ասում են, թե 15-ամյա լրագրավաճառ Վիլյամ Սարոյանը Առլենի «Կանաչ գլխարկը» վեպը կարդալուց հետո, ոգեշնչված իր ազգակցի գրական տաղանդով ու հաջողություններով, ինքն էլ էր որոշել գրող դառնալ։

Ողջ կյանքում հայ լինել-չլինելու թեմայով տառապող, իր տաղանդը հայ լինելու հետ կապող և միևնույն ժամանակ հայ լինելը անեծք համարող Մայքլ Առլենն այսօր աշխարհում, եթե հիշվում է, ապա որպես հայազգի անգլիագիր գրող։

Գրողի անունը հիմնականում չի մոռացվում իր որդու` Մայքլ Առլեն կրտսերի շնորհիվ, որը նույնպես գրող-լրագրող է։ Ի տարբերություն հոր՝ կրտսեր Մայքլ Առլենի գրականության հիմքում իր ազգային ինքնությունն է ու ազգային ակունքները։ Իսկ սա արդեն միանգամայն այլ հոդվածի թեմա է։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված