Մենք տեսնում ենք միտում՝ ձգձգելու Լևոն Երանոսյանի գործն այնքան ժամանակ, մինչև վաղեմության ժամկետը կլրանա։ Գրեթե 4 տարի գործ են քննում մի էպիզոդի վերաբերյալ՝ նռնակն ընկել է ամբոխի մեջ, թե ոչ։ Այս մասին
Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանսդր Սիրունյանը, ով ներգրավվել է, որպես գործով տուժող Ալեն Սիմոնյանի փաստաբան։
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի ապրիլ ամսին Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցում ոստիկանների և ցուցարաների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
2019 թ-ից գործը դատարանում է, նախագահող դատավորը՝ Հարություն Մանուկյանն է։ Սիրունյանը հիշեցրեց, որ ի տարբերություն մյուս տուժողների՝ Ալեն Սիմոնյանը մարմնական վնասվածք էր ստացել դեպքի ընթացքում, նրա ոտքը վնասվել էր։
«4,5 տարի ի՞նչ եք քննում։ Ապրիլին կլրանա 5 տարին, որ գործը տեղից չի շարժվում։ Ես այս իրավիճակը կապում եմ այն ժամանակվա գործող դատախազի դիրքորոշման հետ, որ գործը պետք է այնքան ձգձգել, որ վաղեմության ժամկետը լրանա, իսկ վաղեմության ժամկետը 10 տարի է, 5 տարի է ձգում են, ևս 5 տարի կձգեն»։
Դիտարկմանը, թե Սիմոնյանը կարող է չէ՞ ասել, որ մուրճն էլ է գործող իշխանության ձեռքում, մնացած գործիքներն էլ, ինչո՞ւ է ձգձվում դատաքննությունը՝ Սիրունյանն ասաց, որ 4,5 տարվա իրենց իշխանությունը ցույց է տվել, որ այդ իշխանությունը դատախազների ու դատավորների վրա չի ազդում։
«Այս գործով Սիմոնյանը որևէ միջամտություն չի իրականացնելու։ Ընթացքը լուծվելու է օրենքով»։
Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն անդրադառնալով ձգձգումներին՝ ասաց, որ եթե Ալեն Սիմոնյանին ու նրա փաստաբանին ձգձգումները նոր է սկսել մտահոգել, ապա մեր կողմին մի անգամ ավելի շատ է մտահոգում։
Հարցին, թե ինչով է ինքը պայմանավորում նիստերի ձգձգումները՝ նա պատասխանեց, որ եթե միայն այս գործով լինեին այդ ձգձգումները կմտածեինք, թե հատկապես այս գործի հետ է կատված, բայց որքան ես տիրապետում եմ՝ ամբողջ դատական համակարգում այդ խնդիրը կա։
«Նիստերը բավական ուշ-ուշ են նշանակվում, ինտերվալը բավական մեծ է ու արանքում տարբեր պատճառներ են առաջանում ու այդ պատճառով էլ հետաձգվում է»։
Նա նշեց, որ խնդիրն իրականում այն չէ, նռնակը նետվել է, թե ոչ, իրականում փաստ է, որ լուսաձայնային նռնակները նետվել են, խնդիրը գործողությունների իրավաչափության մեջ է։
«ՀՔԾ-ն մեղադրանքի կողմը ժամանակին գնահատել է, որ Երանոսյանը իրավունք չուներ, մենք այլ կարծիքի ենք ու պնդում ենք մեր կարծիքը։ Հիմա նյութերի հետազոտման փուլն է ու հաջորդ դատական նիստերում մեր դիրքորոշումը առավել հստակ կներկայացնենք»։