Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը։ Երկար դադատրից հետո այսօր խորհրդարան են վերադարձել ընդդիմադիրները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ նիստերի դահլիճում՝ դիմելով իշխանությանը և ամբողջ խորհրդարանին, ասաց․
«Հարգելի խորհրդարան, այս իշխանության անդամներ, մենք այստեղ ենք և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ։ Սա Հայաստանի ԱԺ-ն է, նաև մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովը: Ձեր սեփականությունը չէ:
Հարգելի ժողովուրդ, երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Հիմա փողոցում դադար է ժամանակավոր, և մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը: Մենք այստեղ ենք մեր օրակարգով՝ Հայաստանի և Արցախի մեր քաղաքացիներին հուզող կարևորագույն հարցերի օրակարգով:
Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության և հայկականության համար: Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախը ապագա չունեն, ապագա չունի մեր ժողովուրդը: Մենք այստեղ ենք՝ թույլ չտալու, որ կործանարար ընթացքն անշրջելի դառնա»: