Ալիևը Իրանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել
copy image url

Ալիևը Իրանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել

Արտաքին 2 տարի առաջ - 16:41 13-11-2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 11-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում իր ունեցած ելույթում հերթական անգամ մեղադրել է Իրանին։ Ինչպես տեղեկացնում է ռուսական «Инфотека 24» լրատվականը, Ալիևը քողարկված կերպով մեղադրել է Իրանին` այդ երկրում բնակվող ադրբեջանցիներին ճնշելու համար։

Ալիևը մասնավորապես հայտարարել է, որ ադրբեջանական պետությունից դուրս բնակվող 40 միլիոն ադրբեջանցիների մեծ մասը զրկված է մայրենի լեզվով սովորելու հնարավորությունից։

«Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է կազմակերպության ներսում մշտական ​​ուշադրության ներքո պահել այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրներից դուրս բնակվող հայրենակիցների իրավունքները, անվտանգությունը, ազգության պաշտպանությունը, որպեսզի նրանք չենթարկվեն ուծացման։ Այն երկրներում, որտեղ ապրում է երիտասարդ սերունդը, դպրոցները պետք է կարողանան դասավանդել իրենց լեզվով: Ցավոք, ադրբեջանական պետությունից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիների մեծ մասը զրկված է այդ հնարավորություններից»,- ասել է Ալիևը։

Նկատենք, որ պաշտոնական Բաքվի քարոզչության համաձայն` Իրանում ապրում է ավելի քան 30 միլիոն ադրբեջանցի, մինչդեռ նրանց ներկայիս թիվը մոտ 10 միլիոն է։ Բաքուն և Անկարան իրենց հերթին ակտիվորեն պանթյուրքիստական ​​գաղափարախոսություն են տարածում Իրանի թյուրքալեզու բնակչության շրջանում։

Հատկանշական է նաև, որ Ադրբեջանը հենց ինքն է վարում Արրանի և Շիրվանի ինքնավար ժողովուրդների ձուլման քաղաքականությունը՝ արգելելով ոչ միայն նրանց լեզուն, այլ նաև վերջիններիս ազգային ինքնության ցանկացած այլ դրսևորում։

Ամենից շատ դիտված