1970 թվականի նոյեմբերի 9-ին Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ գյուղում թղթախաղ խաղալիս հանկարծամահ եղավ Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլը։
Մեծագույն պետական ու ռազմական գործիչ քաղաքագետը մահացավ պաշտոնանկությունից մեկ տարի անց։ Երեկոյան ժամը 7:40-ին նա թղթախաղով էր տարված, երբ հանկարծ բռնեց պարանոցն ու ասաց. «Այստեղ ցավում է» և ընկավ գետնին։ Մինչ կինը բժիշկ կկանչեր, Շառլ դը Գոլը մահացավ արյան զեղումից։ Մահից 18 ժամ անց Ֆրանսիայի նախագահ Ջորջ Պոմպիդուն հեռուստատեսությամբ հայտարարեց գեներալի մահվան լուրը. «Մահացել է Գեներալ դը Գոլը։ Ֆրանսիան այրիացավ»։

Շառլ դը Գոլը նախապես պատվիրել էր, որ իր հուղարկավորությունը կատարեն Կոլոմբեում` առանց նախագահների, նախարարների ու պաշտոնատար անձանց. ներկա պետք է լինեին միայն իր հարազատներն ու մտերիմները։ Սակայն, հակառակ դը Գոլի կամքի, Ֆրանսիա էին ժամանել օտարերկրյա բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, որոնք ցանկանում էին հրաժեշտ տալ մեծ ֆրանսիացուն։ Նախագահ Պոմպիդուն ստիպված էր կազմակերպել հատուկ հոգեհանգստի արարողություն Փարիզի Աստվածամոր տաճարում։
1970 թվականի նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ Ֆրանսիայի պատմության մեջ ամենախոշոր հուղարկավորությունը։ Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ եկել էին հրաժեշտ տալու իրենց երբեմնի առաջնորդին։ Հազարավոր մեքենաներ կայանել էին ճանապարհներին, մայրուղիներում ու նույնիսկ դաշտերում։ Հատուկ գնացքներ էին տրամադրվել արարողությանը մասնակցել ցանկացողների համար։

Շառլ դը Գոլին թաղեցին դստեր` Աննայի կողքին։ Աճյունը հողն իջեցնելու պահին ղողանջում էին Ֆրանսիայի բոլոր եկեղեցիների զանգերը։
Գեներալ դը Գոլի ցանկությամբ նրա գերեզմանաքարին փորագրվեց միայն իր անունը և ծննդյան ու մահվան տարեթվերը. «Շառլ դը Գոլ, 1890-1970»։
Հուղարկավորության արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Պոմպիդուն իր հրաժեշտի խոսքում ասաց. «Դը Գոլը Ֆրանսիային տվեց իր կառավարման ինստիտուտները, անկախությունը և իր տեղն աշխարհում»։
Գրող և մտավորական Անդրե Մալրոն, ով դը Գոլի օրոք Ֆրանսիայի մշակույթի նախարարն էր, իր երբեմնի ղեկավարին անվանեց «երեկ չէ առաջին օրվա և վաղը չէ մյուս օրվա մարդը»։

Գեներալ դը Գոլի մահից մինչ օրս ֆրանսիացիների շրջանում իրականացված բազմաթիվ հարցումների արդյունքում Ֆրանսիայի լավագույն նախագահ համարվել է Շառլ դը Գոլը։ Նա համաշխարհային պատմության մեջ նույնպես մնաց որպես 20-րդ դարի ամենավառ պետական-քաղաքական գործիչներից մեկը։
Շառլ դը Գոլին կենդանության օրոք շատերն անվանում էին «Նորին մեծություն նախագահ», «Հինգերորդ հանրապետության հիմնադիր», «Ֆրանսիայի մեծագույն հերոս` Ժաննա դը Արկից հետո», իսկ ոմանք համարում էին ֆրանսիացի ժողովրդի թշնամի։

Իր կյանքի ութսուն տարիների ընթացքում Շառլ դը Գոլը երկու անգամ ղեկավարեց երկիրը։ Նա երկու անգամն էլ երկրի նախագահությունը ստանձնեց ազգային աղետի պահին, իսկ պաշտոնավարման վերջում պետության ղեկը թողեց տնտեսական վերելքի և միջազգային հեղինակության աճի գագաթնակետում:
Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստների դեմ ֆրանսիական դիմադրության առաջնորդ, Հինգերորդ հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Շառլ դը Գոլն իր երկիրը դուրս բերեց ՆԱՏՕ-ի կազմից, բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Խորհրդային Միության հետ, քննադատեց ԱՄՆ-ին` Վիետնամի պատերազմի համար...

Չնայած իր բազմաթիվ ձեռքբերումներին ու հաղթանակներին՝ այնուամենայնիվ նա պաշտոնը լքեց կոշտ քննադատությունների տարափի ներքո, բայց միևնույն ժամանակ ֆրանսիացիների հիշողության մեջ մնաց որպես Ֆրանսիայի բոլոր ժամանակների մեծագույն գործիչներից մեկը։
Նաիրա Եղիազարյան