Ջուլիանա Գրիգորյանը հաղթող է ճանաչվել «Operalia» համաշխարհային օպերային մրցույթում։ Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Operalia 2022» Համաշխարհային օպերային մրցույթի հաղթող է ճանաչվել սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։

Մրցույթի կազմակերպիչներն այդ մասին հայտնել են
ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ «Մենք հպարտությամբ ներկայացնում ենք «Operalia 2022»-ի հաղթողներին։ Շնորհավորում ենք օպերայի համաշխարհային մրցույթի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է նաև հանդիսատեսի մրցանակը։

Նշենք, որ Ջուլիանա Գրիգորյանը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է։ Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ, համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ։
Նշենք, որ հայ օպերային երգիչները նախկինում ևս հաջողություններ են գրանցել այս հեղինակավոր մրցույթում։ Անցյալ տարվա հոկտեմբերին սոպրանո Մանե Գալոյանն էր միանգամից երեք մրցանակի արժանացել և զբաղեցրել երկրորդ տեղը։ «Operalia» ամենամյա մրցույթը տարբեր տարիներին անցկացվել է Փարիզում, Մադրիդում, Տոկիոյում, Պուերտո Ռիկոյում, Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Քվեբեկում, Աստանայում, Բուդապեշտում, Մեխիկոյում: Այս տարի այն կազմակերպվել էր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։
Ջուլիանա Գրիգորյանի մրցանակները այսքանով չեն սահմանափակվում։ Հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթը, որին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցել է երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), որն արժանացել է Գրան պրի մրցանակի:


Ջուլիանա Գրիգորյանը թատրոնի բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 28-ին՝ «Opera Gala»-ի շրջանակում, զուգընկերոջ՝ բարիտոն Նավասարդ Հակոբյանի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): Այնուհետ դեկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Ջուլիանա Գրիգորյանի կարծիքով՝․ «Օպերային արվեստը որքան դյութիչ է ու հեքիաթային, կրկնակի բարդ է ու առեղծվածային: Այն քմահաճ է, տարերային, հարկավոր է ամենօրյա ջերմեռանդ աշխատանք, նվիրում և մեծ սեր»։
Ջուլիանա Գրիգորյանը իր հարցազրույցներում հաճախ է պատմում «առաջին ուսուցչուհու» մասին․
«Ի սկզբանե ուսուցչուհիս մայրս է, ով արդեն իսկ ինձ կրելիս վստահորեն համոզված է եղել, որ օպերային երգչուհի է ծնվելու: Նա անվերջ ինձ համար իր սիրելի արիաներն է մրմնջացել, նաև «սնել» է ինձ մեծանուն հայ կոմպոզիտորների՝ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Առնո Բաբաջանյանի թովիչ հնչյուններով, որոնք ինձ շատ հոգեհարազատ են ու մեծ սիրով դրանք կատարում եմ, երբ հնարավորություն է ընձեռվում»:

Հետագայում նրա նվագակցությամբ կատարել է «Դավիթ Մարգարե»-ն, երբ 2020 թվականի օգոստոսին Ջուլիանա Գրիգորյանին հրավիրել էին Մարզահամերգային համալիր մասնակցելու Սթեյնվեյ ռոյալի շնորհանդեսին: Իսկ արդեն մասնագիտության մեջ վերջինիս առաջին ուսուցչուհին մեցցո սոպրանո Անահիտ Կիրակոսյանն է եղել:
Երկար տարիներ ուսանել է Վիոլետա Սահակյանի մոտ, որը նաև եղել է օպերային երգչուհու դասախոսը ԵՊԿ-ում։ Իր հարցազրույցներից մեկում երգչուհին նշել է, որ դասականներից սիրում է Լուսինե Զաքարյան, Միրելլա Ֆրենի, Ջեսսի Նորման, Աննա Մոֆո, Մոնսերատ Կաբալյե, Լուչիանո Պավարոտի: Ոչ դասականներից` Շառլ Ազնավուր, Էլվինա Մակարյան, Զառա Տոնիկյան, Պիաֆ, Ուիթնի Հյուսթոն…
Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում: