Ուղիղ եթեր
51 ք/կմ, թե 130 ք/կմ, 50-ից ավելի դիրք. որքան են վերջերս կորցրած մեր տարածքները և ինչ նշանակության
copy image url

51 ք/կմ, թե 130 ք/կմ, 50-ից ավելի դիրք. որքան են վերջերս կորցրած մեր տարածքները և ինչ նշանակության

Ներքին 2 տարի առաջ - 21:30 01-11-2022
2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանական ռազմական ագրեսիան առավել ինտենսիվ դրսևորվեց՝ Հայաստանի տարածքից օրերի ընթացքում պոկելով նոր կտորներ․ դրանից առաջ, հետո, անընդմեջ Ադրբեջանը փորձում է Հայաստանից շերտ առ շերտ տարածքներ կորզել։ Որքանով են հաջողվում նրա փորձերը, դժվար է ասել, քանի որ մեր հարցումները՝ սահմանների փոփոխությունների մասին, ՊՆ-ն որակում է՝ որպես ռազմական գաղտնիք և հրաժարվում պատասխանել։ Ադրբեջանական աղբյուրներն էլ, բնականաբար, ներկայացնում են իրենց համար շահավետ պատկեր։ Ըստ այդմ՝ հստակ չենք կարող ասել՝ որտեղ է ավարտվում մեր երկիրը, որտեղ են մեր սահմանները։

Երբեմն, սակայն, որոշ ինֆորմացիա սպրդում է պաշտոնական շրջանակներից։ Ըստ այդ հայտարարություններից մեկի՝ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 ք/կմ տարածք։ Այս թիվը հնչեցրել է ՊՆ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ մասնավորեցնելով, որ այս թիվն է, եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև Հայաստանի տարածքի խորքերը: «Իսկ եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև մեր տարածքի խորքերը, որտեղ հակառակորդը հաջողության է հասել, ապա կազմում է 130 ք/կմ և մի փոքր ավել: Եթե հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում»,- ասել է Ասրյանը։

Այս թվին մոտ թիվ է հրապարակել իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։ «Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք։ Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 ք/կմ սահմանամերձ տարածք», - ասել է խաչատրյանը՝ առանց մանրամասնելու։

Դեռ սեպտեմբերի 14-ի իր ելույթում Փաշինյանը հաղորդել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 ք/կմ է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41 ք/կմ։ Մեր հաշվարկով՝ այս երկու դրվագով՝ ստացվում է, որ 51 ք/կմ ենք կորցրել։ Երբ և ինչ հանգամանքներում և որ հատվածներում ենք կորցրել մյուս 76 ք/կմ-ը, չգիտենք՝ «ռազմական գաղտնիք» է։

Կորոստներն այլ հաշվարկման համակարգում է ներկայացրել ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը․ «Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հակառակորդին հանձնել, քո պետությունը», - ասել է նա:

Ի՞նչ նշանակություն ունեն մեր կորցրած դիրքերը․ սեպտեմբերյան հարձակումից մեկ շաբաթ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Մռավի սարերից մինչև Արաքս, իրենք դիրքային առավելություն ունեն։ «Այդ դիրքերը մեզ տալիս են և՛ ռազմական առավելություն, և՛ տեսողական հսկողություն իրականացնելու հնարավորություն մեծ տարածքի, այդ թվում՝ կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ։ Մենք արդեն այդ տարածքներում ենք։ Մենք այս սահմանում չենք եղել 30 տարի», - ասել էր Ալիևը։

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում մեր դիրքային կորուստների մասին խոսելիս ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշել է․ «Ե՛վ նյութական, և՛ այլ կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների ավարտին Պաշտպանության նախարարությունը ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»։

Զինվորականները հաճախ դիտարկում են, որ փոփոխված սահմանները ռազմական գործողությունների սրացման պարագայում էական առավելություն են տալու Ադրբեջանին, քանի որ դրանք տարածքի վրա իշխող բարձունքներ են։ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի խոսքով, սակայն, Ջերմուկում մեր կորցրած դիրքերը «մարտավարական տեսանկյունից էդքան կարևոր չեն», ռազմավարական տեսանկյունից են կարևոր, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա։

Հիմնավորում՝ ինչպես կարող են մեր երկրի տարածքները մեզ համար գաղտնիք լինել, չկա։ Ինչպես կարող է պետական քարոզչությունը լռել, երբ Ադրբեջանական կողմը տարածում է իր տվյալները, իր դիրքորոշումներն ու ցնծում, դժվար է ասել։ Շարունակվում է մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմը, և այն մշտապես ակտիվ է քարոզչական տիրույթում, ուր ակնհայտորեն, մեր ռեսուրսները սխալ ու վատ են օգտագործվում, ուր ձեռքբերումներն ու կորուստներն անմիջապես չեն երևում, բայց շատ ավելի լուրջ են լինում մեր՝ տեղեկատվական դարաշրջանում։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն