Պատերազմից երկու տարի է անցել, դեռ ռազմական զարգացման հայեցակարգ չկա․ Օհանյան
copy image url

Պատերազմից երկու տարի է անցել, դեռ ռազմական զարգացման հայեցակարգ չկա․ Օհանյան

Ներքին 2 տարի առաջ - 21:00 28-10-2022
ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեղադրել է նախկին զինակից ընկերներին՝ կոչելով նրանց սատանաներ։ Նրա խոսքով՝ մինչ Ադրբեջանը ձեռք է բերել ժամանակակից սպառազինություն, նախորդ իշխանությունն ալան-թալան է արել, կեղեքել ժողովրդին։ «Այսօր էլ այդ սատանաները սրբի շոր են հագել, եկել հրապարակ ու ասում են, թե կփրկեն երկիրը։ Եթե փրկող էին, քսան տարի թող փրկեին։ Ժողովրդին բաժանին, մասնատին։ Ես չեմ ասում, թե մեր իշխանությունը թերություններ չունի։ Կա թերություն, բայց ուզում եմ բոլորս հասկանանք, որ երեք տարում հնարավոր չէր հզոր զինտեխնիկայի դեմ։ Նախորդ իշխանությունները միշտ ասել են, որ բանակցային փուլով ոչ մի գործընթաց չի լինելու, որ պետք է տարածքները հանձնենք»,- ասել է Միքայելյանը։

Ըստ Oragir.News-ի՝ այս մեղադրանքների հետ կապված հարցերին ի պատասխան ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես չէի ուզի մեկնաբանել այն մարդկանց, առավել ևս՝ Սասունին, որ մեր մարտական ընկերն է, բայց իրենց տեղեկատվությունը բանակի և ընդդիմության վերաբերյալ ճիշտ չէ։ Ընդդիմությունը՝ հատկապես ՀՅԴ տարբեր ջոկատներ և խմբեր, զորահավաքային պլանի և նաև տարբեր ջոկատների կազմում մասնակցում են մեր երկրի պաշտպանությանը։ Նաև, ընդդիմության շատ-շատ ակտիվիստներ ընտրովի ձևով զորակոչվել են, տարվել են զորահավաքային խնդիրներ կատարելու համար»։

Անդրադառնալով բանակը քայքայելու մասին դիտարկմանը՝ Օհանյանն ասաց․ «Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել հենց նույն կամավորական ջոկատների, մարտական ընկերների ջանքերի շնորհիվ․ մենք կարողացել ենք պատերազմին զուգահեռ ձևավորել կանոնավոր բանակ։ Եվ այդ կանոնավոր բանակը ցույց է տվել, որ ինքն անընդհատ զարգանում է, երկար տարիներ իր առջև դրված խնդիրը առաջին գծում բարձր մակարդակի կատարել է, դիմակայել է հակառակորդի տարբեր ոտնձգությունների, դիվերսիոն-հետախուզական գործողությունների և նաև արժանի կերպով պատասխանել, շատ դեպքերում պատժել է հակառակորդին»։

Նրա խոսքով՝ մեր բանակն այդ ամենը ցույց է տվել՝ զորահանդեսներին, միջազգային զորավարժությունների մասնակցելով և բարձր գնահատականներ ստանալով։

«Եվ կարող ենք ասել, ընդհակառակը, այսօրվա իշխանությունը, որի զգալի մասը բանակում չի ծառայել՝ եկել և վարկաբեկել է բանակը, նրա հրամանատարներին։ Բանակի ամբողջ գործունեությունը երեք ուղղությամբ նրանք ուղղակի քայքայել են․ առաջին կադրային քաղաքականություն է (քաղաքականացրել են պաշտպանության նախարարից բացի նաև գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ուռճացրել են կենտրոնական ապարատները)։ Երկրորդը կազմակերպչական է․ շատ մարտական ստորաբաժանումներ ուղղակի քայքայել են, կրճատել են․ մանավանդ այն ստորաբաժանումները, որ պետք է կանգնեին հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությամբ, փոփոխել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման ամբողջ գործընթացը, մոբիլիզացիա իրականացնելու կարողությունները իջեցրել են։ Երրորդը՝ պատերազմի նկատմամբ քաղաքականությունը իջեցրել են կենցաղային մակարդակի՝ ելակ-մայկա-տրուսիկի, չեն պահել համազգեստի կրման ձևը, գաղտնիությունը չպահպանող հեռախոսների գործածումն են թույլատրել։ Եվ այս ամենը՝ դեռ պատերազմից առաջ»,- ասաց Օհանյանը։

Իսկ արդեն պատերազմի ժամանակ, նրա խոսքով, իշխանությունները ոչինչ չեն արել երկիրը ղեկավարելու, բանակին թիկունք կանգնելու, մոբիլիզացիա անելու և մարտական գործողությունների թատերաբեմում կարգուկանոն հաստատելու համար։ «Իսկ այն, ինչ կատարվել է մեր բանակի ու սահմանների հետ, պարզապես մեր իշխանությունների հանցավոր գործողություններ են։ Իրենք շատ հեռու են բանակի նկատմամբ ռազմավարական մտածելակերպից, ռազմական արվեստից, պատերազմից հետո պետք է պաշտպանական ռազմավարական վերանայում անեին, կազմեին հայեցակարգ բանակի զարգացման։ Երկու տարի անցել է, դեռ այդ հայեցակարգը գոյություն չունի, զբաղվում են միայն դատարկաբանությամբ»։

Հարցին, թե ինքն առաջարկե՞լ է նման հայեցակարգ՝ Օհանյանը պատասխանեց, որ ինքն առաջարկել է իր ռազմագիտական փորձով, խորհուրդներով աջակցել, պատերազմի ժամանակ 44 օրվանից 40-ը եղել է մարտական գործողությունների թատերաբեմում և ենթարկվել է հրամաններին զինվորի պես, խորհուրդներ է տվել նաև պատերազմից հետո։
«Մենք ստեղծել էինք Արցախ-Հայաստան միասնական համակարգ, որն անընդհատ կատարելագործում էինք»,- ամփոփեց Օհանյանը։

Իսկ մենք հիշեցնենք նաև, որ նախկիններին անխնա քննադատող ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթներում տարօրինակ համեմատություններ-հայտարարություններ է անում․ օրինակ, 2018 թվականին Փաշինյանի ընտրությունը նա համարել էր առավել կարևոր հաղթանակ, քան 1990-ականների Արցախյան հաղթանակը։ «Ժողովրդավարական բաստիոնով»՝ «Ելք» դաշինքով Կոտայքի մարզից ընտրված պատգամավոր Միքայելյանն աչքի էր ընկավ նրանով, որ «հետհեղափոխական» Հայաստանում որդին՝ Սևակ Միքայելյանը շատ արագ դարձել էր Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ Վասակ Վարդանյանը՝ փոխմարզպետ։

Այլոց աչքերի գերանների մասին խոսելուց առաջ ներկաները հաճախ են մոռանում սեփական աչքերում առկա գերանները, և դա էլ հիշողություն ունեցող մեր հայրենակիցների մոտ արժեզրկում է նրանց ցանկացած խոսք-խոստում-քննադատություն։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում