Պիտի ավելացնեն կապիտալ ու սոցիալական ծախսերը ոստիկանության՝ անտրամաբանորեն բարձր գումարներից․ Մանասերյան
copy image url

Պիտի ավելացնեն կապիտալ ու սոցիալական ծախսերը ոստիկանության՝ անտրամաբանորեն բարձր գումարներից․ Մանասերյան

Ներքին 2 տարի առաջ - 22:00 25-10-2022
«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սեփական եկամուտների և ներգրավվող միջոցների հաշվին ֆինանսավորելու արդյունքում 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: Այն 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով:

Դա, ըստ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի, թույլ կտա ավելացնել տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը:

«Անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը զգալիորեն կաճեն և կկազմեն 557 մլրդ դրամ, դա մոտ 200 մլրդ դրամով ավելին է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով: 2023-ին այս ցուցանիշը կհասնի ՀՆԱ-ի 5.9 տոկոսին՝ այս տարվա համար սկզբնապես ծրագրված 4.5 տոկոսի դիմաց: Զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքներին հատկացումները, կշարունակեն բարձր մնալ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական հատկացումները, կավելանան սոցիալական ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները»,- ասել է Խաչատրյանը։

Դիտարկենք թվերն՝ ըստ ՀՀ պետբյուջեի նախագծի. այստեղ նշվում է, որ ուղղորդվելով ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի առաջնահերթություններով՝ 2023 թ․ նախատեսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ սահմանելով այն 75 հազար դրամ կենսաթոշակներին ուղղվող ծախսերի ավելացում 25.2 մլրդ դրամով, առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի ապահովում ՀՆԱ-ի նկատմամբ՝ համապատատասխանաբար 1.6% և 2.24%, ժողովրդագրական վիճակի բարելավման գծով լրացուցիչ ծախսեր՝ 16.9մլրդ դրամ, գիտության գծով նշանակալի ծախսերի ավելացում 6.6 մլրդ դրամով։ Ըստ բյուջեի նախագծի՝ 2023 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7% տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրվելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը (կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում հասցնելով 5.9%-ի) և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև՝ պարտքի կայունության պահպանմանը։ Ծրագրվում է 2023 թվականին ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 27.8%-ի չափով։



Պատասխանելով բյուջեի նախագծի մասին Oragir.News-ի հարցերին՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ նախատեսված տնտեսական աճը լիովին հավանական է, կարող է նույնիսկ ավելին լինել, եթե ապահովվի երկու գործոն․ «Եթե լինի տնտեսության արհեստավարժ կառավարում, որ բոլոր երկրներում հանգեցնում է տնտեսական աճի, և երկրորդ՝ եթե այսպիսի իրավիճակներ ստեղծվեն։ Հիմա մեր երկրում պատերազմի պատճառով 250 հազարից ավելի գաղթականներ են հանգրվանել և դրանով խթանել են տնտեսության զարգացումը, քանի որ բարձրացել է պահանջարկը հատկապես այն ապրանքների, որ տեղական արտադրության են։ Նմանատիպ իրավիճակներով պայմանավորված՝ այս նշված աճը կարող է ապահովվել»,- նշեց Մանասերյանը՝ երկրորդ գործոնը կոչելով «բախտները բերելու» գործոն։

Սակայն նա հավելեց, որ տնտեսությունը չի կարող լինել բախտի վրա հիմնված․ «Պետք է լավ պատրաստվել այն խնդիրներին, որոնց հիմա դիմակայում են ամբողջ աշխարհում՝ սկսած պարենային ճգնաժամից, վերջացրած էներգետիկ, ֆինանսական և այլն»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք այս տարի էլ կպահպանվի արատավոր այն երևույթը, երբ մեր երկրում հավաքվում են հարկերը, սակայն չի հաջողվում իրականացնել նախատեսված ծրագրերը, որի արդյունքում կարծես փող կա, բայց դա պատշաճ չի ծախսվում՝ Մանասերյանը նշեց․ «Եթե եկամտային մասում հավաքվում են գումարներ, որ նախատեսված են որոշակի ծախսերի համար, և դրանք չեն արվում, ապա դա միանշանակ խոսում է ապաշնորհության՝ հարկատուների գումարներն արդյունավետ օգտագործելու անկարողության մասին, որը շատ վատ նշան է»։

Մեր երկիր՝ մեծ ներգաղթի դրական ազդեցության հետ մեկտեղ պետք է նշել, որ առկա է շարունակական գնաճ, որ մեր հայրենակիցների համար ստեղծում է լրջագույն դժվարություններ՝ նկատեցինք․ «Այո, նվազագույն կենսապահովման զամբյուղը չի ապահովվում, որը շատ վատ երևույթ է, բացի դրանից, աղքատությունն է աճում»,- ասաց տնտեսագետը՝ կանխատեսելով աղքատության ցուցանիշի աճ մինչև 42%։

«Դրանից բացի, կարծում եմ, կլինեն 10-12 տոկոս աշխատող աղքատներ, այսինքն՝ մարդիկ, որ աշխատում են, բայց ստանում են նվազագույն աշխատավարձ, որը պարենային զամբյուղից էլ ցածր է»,- ասաց Մանասերյանը՝ ընդգծելով, որ սա պիտի ստիպի կառավարությանը որոշակի վերադասավորումներ կատարել բյուջեում։

«Կարծում եմ բյուջեն պիտի ավելի շատ ուղղվածություն ունենա դեպի կապիտալ ծախսերի ավելացումն ու սոցիալական ծախսերը»,- ասաց նա։

Ինչի՞ հաշվին։ «Կրճատելով, օրինակ, Ոստիկանությանն անտրամաբանորեն բարձր տեսակարար կշիռ և բացարձակ ծավալ կազմող գումարներից, որ գրեթե վեց-յոթ անգամ ավելին են, քան գիտությանը տրամադրվող գումարները։ Երկրորդը՝ կրճատելով հավելավճարներն ու պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումները, որ ասում են, իբր 3-4 տոկոսով կրճատվել են, բայց դրա փոխարեն 10-20 տոկոսով բարձրացել են աշխատավարձերը՝ առանձին բարձրաստիճան պաշտոնյաների և պետական համակարգում։ Այս սրանք, կարծում եմ, կարևոր ռեսուրս են, որ պիտի կրճատվեն և ուղղվեն սոցիալական և կապիտալ ծախսերին»,- ասաց Մանասերյանը։

Հավելենք, որ կարելի էր խնայել նաև նախարարությունների զուգարանների նորոգման, պետպաշտոնյաների շքեղ մեքենաները շքեղագույններով փոխարինելու, դրանց սպասարկման, երբևէ մարզեր չայցելող պաշտոնյաների՝ մարզեր այցելության հավելավճարների, առհասարակ չաշխատող ու շատ վատ աշխատող պաշտոնյաների պարգևավճարների և բազմաթիվ այլ անիմաստ ու սխալ ծախսերի կրճատմամբ։ Քանի որ մեր երկրում կիսաքաղց մնացող երեխաներ կան, զինվորներ, որ քնում են բաց երկնքի տակ ու հիվանդներ, որ ցավերի մեջ տառապում են, քանի որ ավարտվել է պետպատվերը։ Վերջում դիտեք նաև այս աղյուսակը՝ վերջին տարիների և սպասվող տարվա ծախսերի հարաբերակցությունը։

Կարմեն Մարտիրոսյան