Թուրքիան ցանկանում է երկարաձգել Աղդամում տեղակայված թուրք զինծառայողների գործունեության մանդատը
copy image url

Թուրքիան ցանկանում է երկարաձգել Աղդամում տեղակայված թուրք զինծառայողների գործունեության մանդատը

Արտաքին 2 տարի առաջ - 15:55 20-10-2022

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողությանը հանձնված Ակնայի (Աղդամ) շրջանում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնում տեղակայված թուրքական ռազմական կոնտինգենտի գործունեության մանդատը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է Թուրքիայի մեջլիսի նախագահություն։ Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ համապատասխան միջնորդությունը ներկայացվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ ներկայացված միջնորդությունում նշվել է, որ Ադրբեջանի կողմից իր «օկուպացված տարածքները ազատագրելու պայքարում» արձանագրած հաջողությունների և տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության շրջանակներում տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով նախատեսված գործողությունները շարունակվում են։

Միջնորդության մեջ Թուրքիայի նախագահականը հիշեցրել է, որ Անկարան գործընթացի սկզբից ի վեր աջակցել է Բաքվին, որպեսզի վերջինս «միջազգային և օրինական ինքնիշխանության իրավունքի հիման վրա կարողանա պաշտպանել իր բոլոր իրավունքները՝ այդ թվում նաև իր տարածքային ամբողջականությունը, այժմ շարունակում է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև դրան նպաստող տնտեսական ենթակառուցվածքների կառուցման ու վերականգնման գործում»։

Բացի այդ միջնորդությունում ուշադրություն է հրավիրվել այն բանին, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, որտեղ աշխատում է Թուրքիայի ԶՈւ անձնակազմը, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը։ «Թուրքիան համատեղ կենտրոնի միջոցով նաև իր ներդրումն է ունեցել տարածաշրջանի անվտանգության և կողմերի միջև վստահության ձևավորման գործում»,- ասվում է Թուրքիայի նախագահականի միջնորդությունում։

Միջնորդությունում նաև մատնաշվել է, որ համատեղ կենտրոնում Թուրքիայի զինված ուժերի գործունեության շարունակումը «տարածաշրջանում Թուրքիայի արդյունավետ և կառուցողական դերի, ինչպես նաև երկրի ազգային շահերի պահանջ է»։

Հաղորդվել է, որ 2010 թվականի օգոստոսի 16-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության և փոխօգնության համաձայնագրի դրույթներից բխող պարտավորությունները կատարելու, հրադադարը վերահսկելու, խախտումները կանխելու, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև Թուրքիայի բարձր շահերը արդյունավետորեն պահպանելու և պաշտպանելու համար Թուրքիայի մեջլիսից պահանջվել է Ադրբեջանի տարածքում գործելու մանդատը 2022 թվականի հոկտեմբերի 17-ից սկսած մեկ տարի ժամկետով երկարաձգել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հրադադարի վերահսկման կենտրոն ստեղծել։ Համատեղ ենտրոնը բացվեց 2021 թվականի հունվարի 30-ին՝ Ակնայի շրջանում, որտեղ տեղակայվեցին 60 ռուս և 60 թուրք զինվորականներ։

Ձեզ գուցե հետաքրքրի