Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը խոսել է ամերիկացիների այցի, Դեյվիդ Փրայսի գլխավորությամբ Հայաստան ժամանած ամերիկյան մի խումբ կոնգրեսականների պատվիրակության, ԱԺ-ում և վարչապետի հետ Փրայսի ունեցած հանդիպումների մասին։
«Ֆորմալ առումով՝ տվյալ այցը նախատեսված էր միջխորհրդարանական համագործակցության զարգացման համատեքստում։ Փրայսը «House democracy partnership» հանձնախմբի ղեկավարն է։ Հայաստանը միացել է այդ ծրագրին բոլորովին վերջերս։ Ծրագրի բովանդակությունն այն է, որ միջխորհրդարանական համագործակցության ծրագրով ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սենատի փորձառությունը փոխանցվի այս ծրագրի անդամ երկրներին։ Այս այցի գլխավոր նպատակը ֆորմալ առումով հենց սա էր։ Բայց չի կարելի անտեսել նաև աշխարհաքաղաքական կողմը»։
Աղաջանյանը կարևոր համարեց այն դիտարկումը, որ այս այցը պետք է համարվի Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերջին շրջանում զարգացող դինամիկայի հերթական մի կետ և հավելեց, որ հենց այս տրամաբանությամբ են տեղի ունեցել ԱԺ-ի և վարչապետի հետ հանդիպումները։
Հարցազրուցավարի այն հարցին, թե որը պետք է լինի մեր մանևրելու ռեսուրսը՝ հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Արևմուտքի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի դիրքորոշումները խիստ հակասական են, և միջազգային հարթակներում Հայաստանը միշտ քվեարկում է հօգուտ Ռուսաստանի կամ առնվազն ձեռնպահ, Աղաջանյանը պատասխանեց․ «Ես ուզում եմ, որ մեր և մեր ամերիկյան գործընկերների միջև քննարկումների անկեղծությունը գնահատվի այն առումով, որ միջազգային նման հարթակներում քվեարկության ժամանակ ոչ միայն Ռուսաստանի հարցում, Հայաստանը փորձում է անել առավելագույնը, որպեսզի առաջին հերթին և լավագույնս սպասարկվեն իր իսկ շահերը։ Եվ, մենք չենք կարծում, որ մեր արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների կոնտեքստում և վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, այն քվեարկությունները, որոնցով Հայաստանը հանդես է գալիս միջազգային հարթակներում, հակասում են արևմտյան մեր գործընկերների կամ Ռուսաստանի շահերին։ Եվ այս մանևրելու ռեսուրսը բարեբախտաբար Հայաստանը ունի»։