Եվրոպան այժմ քաղում է էներգետին չմտածված քաղաքականություն վարելու պտուղները։
Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արա Մարջանյանը՝ անդրադառնալով Եվրոպական մի շարք երկրներում գազի գնի բարձրացման ֆոնին այս օրերին բռնկված քաղաքացիների բողոքի ալիքին։
«Եթե նախկինում Եվրոպան առաջնային էներգակիրների շուկայում գնագոյացման ջատագովն էր, ապա հիմա առաջին պլան են գալիս երկարաժամկետ գին ունենալու անհրաժեշտությունը, որոշակի պլանային տնտեսական համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը և նմանատիպ այլ հարցեր»,- բացատրում է մասնագետը։
Էներգետիկ ոլորտում կանխատեսվող հաջորդ կարևորագույն փոփոխությունն, ըստ նրա, կլինի ատոմային էներգետիկայի վերագնահատումը, որը նույնպես որոշ երկրներում լիարժեքորեն չի լուծի Եվրոպայի էներգետիկ ոլորտում գոյացող բացը։
«Մանավանդ Գերմանիայում, Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում, այդ թվում՝ Միացյալ թագավորությունում ընդունված բարբարոսական և ուղղակի հետամնաց որոշումներ կայացնելու հետևանքների չեզոքացման խնդիր կառաջանա։
Դա վերաբերում է ատոմային էներգետիկայի թերզարգացմանը, ատոմակայանների փակմանը, այդ էներգետիկայից ընդհանրապես հրաժարվելու վերաբերյալ որոշումներին, ու նմանատիպ չմտածված ու բարբարոսական այլ որոշումներ»,- ասաց էներգետիկ ոլորտի մասնագետը։
Եվրոպական երկրներում գլուխ բարձրացնող էներգետիկ ճգնաժամն, այդուհանդերձ, ըստ փորձագետի, Հայաստանի վրա ազդեցություն կարող է ունենալ, սակայն, ո՛չ անմիջականորեն։ Իր խոսքով՝ դա տեղի կունենա որոշ ժամանակ անց՝ բեկանված ու ձևափոխված տարբերակով։