Առաջին ալիքի «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման շրջանակներում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է Պրահայի և Աստանայի հանդիպումների արդյունքների մասին։
«Իլհամ Ալիևը պրահյան հանդիպման ժամանակ ստորագրել է փաստաթուղթ, որում ընդունել է, որ ինքը կարող է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը 1991 թ․ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով։ Սա ես լուրջ ձեռքբերում եմ համարում, որովհետև այս պարագայում մենք գործ ունենք անկախ Հայաստանի սահմանների հետ և ոչ թե Սովետական Հայաստանի սահմանների հետ, որը ժամանակին տարբեր ձևերով գծվել է, իսկ խորհրդային առաջին տարիներին Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը ուղղակի նվիրվել են Ադրբեջանին։ Հետևաբար այդ գզրոցներում ինչ քարտեզներ ասես կարող էին լինել, և Ադրբեջանը սպառնում էր Հայաստանին՝ Վարդենիսին այլ անուն տալով, Զանգեզուրին Հյուսիսային և Հարավային Զանգեզուր անվանելով։ Այս պարագայում Ալիևը ստիպված եղավ հրաժարվել այդ թեմաներից»,- նշեց Արամ Սարգսյանը։
Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Ալիևը այս պայմանին համաձայնվել է մեծ ճնշումների ազդեցությամբ։
Սարգսյանը շեշտեց նաև, որ պրահյան հանդիպումը Ադրբեջանի և Ադրբեջանի նախագահի սրտով չի եղել․ Ալիևին պատրվակներ էին պետք՝ դրանից հրաժարվելու համար, և այդ պատրվակները նա գտնում է Ռուսաստանում, որովհետև Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են՝ սկսած 2003 թվականից։
Մանրամասն՝ տեսանյութում։