Պետք չէ բուհերը անիմաստ միավորել և կրթական համակարգը վերածել «բարդակի»․ Ցոլակ Ակոպյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:37 12-10-2022
Այսօր Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել։ Պատճառը տեղեկությունն է այն մասին, որ ամենայն հավանականությամբ բուհը կարող է միավորվել Մանկավարժական համալսարանի հետ։

Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը Օragir.news-ի հետ զրույցում ասաց․ «Անկեղծ ասած՝ այնպես չէ, որ ես ինքս դեմ եմ բուհերի օպտիմալացման գաղափարին, բայց օպտիմալացում սկսել մի բուհից, որը ընդունելությունների քանակով երրորդն է հանրապետությունում վերջին տարիներին, չէինք ուզում հավատալ, ես էլ սպասում էի, որ բանական որոշում կընդունվի»։

Ակոպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բուհերի միավորման մասին իմացել են երեկ. «Երեկ տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում կար ռեկտորի մրցույթի օրակարգի հարցը, որովհետև ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում էր, և պետք էր նոր մրցույթ հայտարարել։ Մենք անակնկալի եկանք, երբ որ կառավարության ներկայացուցիչները առաջարկեցին հարցը օրակարգից հանել։ Խորհրդի անդամները հետաքրքրվեցին, թե պատճառն ինչն է, եղավ մի մեկնաբանություն, որ հիմա մի օրենքի նախագիծ է շրջանառվում, որ շատ արագ բուհերի օպտիմալացման հարցը լուծվելու է և այս գործընթացը դառնալու է անիմաստ»։

Ցոլակ Ակոպյանը նշեց նաև, որ բուհում քննարկումների ընթացքում որոշել են նամակով դիմել նախարարություն. «Առավոտյան հավաքվեցինք մեր անելիքները որոշելու, նամակով դիմելու-խնդրելու, որպեսզի գան համալսարան, մեկնաբանեն իրենց որոշումը, որովհետև անկեղծ ինձ մի հարց է հետաքրքրում՝ իրենց բերած առաջին դրույթն այն է, որ այս բուհերի միավորումով փրկում ենք մանկավարժությունը, ես հարց եմ տալիս իրենց․ եթե միավորեցին Բրյուսովի անվան համալսարանը, Ֆիզկուլտինստիտուտն ու Մանկավարժականը, ի դեպ, Բրյուսովում ուսանողության 15 տոկոսն է մանկավարժի որակավորում ստանում, հիմա հարց․ եթե դուք ասում եք, որ դրանով մանկավարժությունն եք փրկելու, ինչն եք փրկելու, ֆիզիկայի ուսուցի՞չ է երկրում ավելանալու։ Եթե լուծվելու է, ես առաջին կողմն եմ, բայց չի կարող այդ հարցը դրանով լուծվի, այդ հարծը լուծելու համար պետք է մանկավարժի աշխատավարձը բարձրացնել, ոչ թե ավտոմատ բուհերն ավելացնել և կրթական համակարգը վերածել բարդակի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված