Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը եւ Զանգեզուրը» կարգախոսն աղետի հստակ բաղադրատոմս է․ Արմեն Գևորգյան
copy image url

Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը եւ Զանգեզուրը» կարգախոսն աղետի հստակ բաղադրատոմս է․ Արմեն Գևորգյան

Ներքին 2 տարի առաջ - 19:14 11-10-2022
ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքէջը:

Ելույթում, մասնավորապես, ասվել է.

«Հարգելի’ նախագահ,

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետեւյալ հարցադրումները.

1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ եւ անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջեւ: Ուստի, կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ եւ միանշանակ դիրքորոշումը. արդյո՞ք Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ արդյո՞ք պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից:

2. Լեռնային Ղարաբաղի առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, եւ դրանցից միայն մեկն է, կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի եւ հավանության արժանացնի. այն է՝ հարգանքը մարդկանց ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջեւանում: Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի տարբերակը:

3. «Նոր նորմա» է դարձել ժողովրդավարական ազատությունները եւ ավանդույթներն աշխարհաքաղաքական շահերի եւ Կասպից ծովի էներգառեսուրսների հասանելիության համար զոհաբերելը: Կցանկանայի իմանալ՝ ե՞րբ է Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել Եվրոպայի խորհրդի համար. երբ ակտիվ պայքարո՞ւմ էր Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ, թե՞ այսօր, երբ Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ իրականացնում է պատերազմական հանցագործություններ:

4. Առայժմ պարզ է, որ այն միջազգային հարթակներում, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը մասնակից չեն կամ գերիշխող դերակատարում չունեն, Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ զինված ագրեսիայի հարցերն ավելի օբյեկտիվ են քննարկվում: Ճի՞շտ եմ հասկանում, որ մեր կազմակերպությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերը կրում են ազգային որոշ պատվիրակությունների լոբբինգի եւ ռեսուրսների որոշիչ ազդեցությունը:

5. Արդյոք կա՞ այդպիսի հասկացողություն, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը եւ Զանգեզուրը» կարգախոսն աղետի հստակ բաղադրատոմս է: Դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարում է, երկրորդ՝ կոպիտ անհարգալից վերաբերմունք խաղաղ գործընթացում ընդգրկված միջազգային գործընկերների նկատմամբ, եւ երրորդ՝ բացահայտ կոչ է ի զեն՝ ուղղված Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը նոր Թյուրքական աշխարհը թյուրքական նկրտումներին համապատասխան վերագծելուն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին»:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի