Ինչո՞ւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահ չունի
copy image url

Ինչո՞ւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահ չունի

Ներքին 2 տարի առաջ - 10:06 08-10-2022
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ամիս է՝ նախագահ չունի: Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման ժամկետը դեռեւս օգոստոսին ավարտվելուց հետո ԲԴԽ-ն այդպես էլ չկարողացավ դատարանի նախագահ ընտրել, այժմ նախագահի պարտականությունները կատարում է Գագիկ Պողոսյանը: Մինչդեռ ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում որպես դատարանի նախագահ նշված է Արթուր Մկրտչյանի անունը:

Oragir.news-ը տեղեկացավ, որ իշխանությունները չեն շտապում դատարանի նախագահ ընտրել, քանի որ նոր օրենսդրական փոփոխություն են նախաձեռնել: Խոսքը «Դատական օրենսգրքում» առաջարկվող փոփոխության մասին է, որով Երևան քաղաքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխարեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանները:

Այս փոփոխությունների փաթեթով, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատարանների նախագահներին լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետների պահպանմանը, դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայությամբ պայմանավորված դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելը կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելը կկատարվի դատարանի նախագահի միջնորդությամբ։

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ իշխանությունը մտադիր է շատ արագ այս փոփոխությունները ընդունել, հետո նոր միանգամից երկու դատարանների նախագահ ընտրել՝ միաժամանակ օժտելով նոր լիազորություններով: