Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող գերակա լինել ազգերի ինքնորոշման իրավունքից. Դավիթ Բաբայան
copy image url

Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող գերակա լինել ազգերի ինքնորոշման իրավունքից. Դավիթ Բաբայան

Ներքին 2 տարի առաջ - 09:11 08-10-2022
Ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել, արդարանալով տարածքային ամբողջականության սկզբունքով, քանի որ դրանք միջազգային բազմաթիվ փաստաթղթերով իրավահավասար են: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Պրահայում ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը։

«Որևէ երկիր չի կարող մյուսի տարածքային ամբողջականության վրա կասկած ունենալ կամ հարձակվել ու գրավել, բայց ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել, արդարանալով տարածքային ամբողջականության սկզբունքով»,-ընդգծեց նախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չի կարող ունենալ Արցախի հետ:

Ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավոր է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում առանձնացնել Արցախյան հիմնախնդիրը, արտգործնախարարը շեշտեց, որ տարածքային ամբողջականության ճանաչման և հարաբերությունների հաստատման պարագայում, ցանկալի տարբերակն այն է, որպեսզի անպայման հստակեցվի և նշվի, որ դա չի վերաբերում Արցախին:

«Անհրաժեշտ է գիտակցել, որ աշխարհաքաղաքականությունը միամտությունը չի ներում: Պետք է լինենք հստակ, համառ, սկզբունքային և հայրենասեր ՝ անկախ նրանից, թե ինչ վիճակում ենք: Այդ դեպքում, իսկապես, հասնելու ենք մեր ուզածին:

Մենք համոզված ենք ու հաստատակամ այն հարցում, որ երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, որը ոչ թե քմահաճույք է, կամ ինչ-որ անտեղի համառություն, այլ նման պարագայում մեզ սպասում է միայն մեկ ճակատագիր՝ հայաթափում, ոչնչացում»,- ասաց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ կարևորելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ ջանքերի ներդրումն այդ առումով առկա մարտահրավերներին դիմակայելու և խնդիրների լուծման համար:

Ամենից շատ դիտված