Պրահայում կայացած հանդիպումների արդյունքների վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը

Ներքին 2 տարի առաջ - 15:17 07-10-2022
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հայտարարություն՝ Պրահայում կայացած հանդիպումների արդյունքների վերաբերյալ: Սեֆիլյանը գրել է.

«Ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության, Փաշինյանը և Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵՄ խորհրրդի նախագահ Միշելի հետ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակներում 2022թ. հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյուքում ընդունել են հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«1 (…) Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

2. (…) Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով (…)»:

Սկզբունքորեն ողջունելով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ տվյալ առաքելության վերջնական գնահատականը կախված կլինի նրա աշխատանքի արդյունավետությունից, լիազորությունների ու պատասխանատվության շրջանակներից, առաքելության տևողությունից, ինչպես նաև նման առաքելության փոստաթղթավորման բառապաշարից ու իրավական ձևակերպումներից։

Շատ ավելի հստակեցման ու պարզաբանման կարիք ունի «տարածքային ամբողջականության ճանաչում» ձևակերպումը։ Այս ձևակերպման առումով հղում է կատարվում երկու փաստաթղթի՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին։
ՄԱԿ-ի կանոնադրությամբ ՉԿԱ «տարածքային ամբողջականության ճանաչման» դրույթ, իրավունք կամ պարտականություն։
ՄԱԿ-ի կանոնադրությունն այդ հարցին չի անդրադառնում ընդհանրապես։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ (Հոդված 2.4) կա «տարածքային ամբողջականության» ընդամենը մեկ հիշատակում, այն է՝ զերծ մնալ «տարածքային ամբողջականության» դեմ ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ (Article 2․4․ All Members shall refrain in their international relations from the threat or use of force against the territorial integrity or political independence of any state, or in any other manner inconsistent with the Purposes of the United Nations.) Այսինքն, պետությունների կողմից ԱՐԴԵՆ ԻՍԿ փոխադարձաբար կամ այլ ՕՐԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ տարածքը չպետք է հարձակման առարկա դառնա։ Միայն այդքանը։

ՄԱԿ-ը ՉՈՒՆԻ և երբեք էլ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ պետության տարածքային ամբողջականության ճանաչման գործառույթ կամ իրավունք։
Այո, վկայակոչվող Ալմա-Աթայի հռչակագրի (21 դեկտեմբերի, 1991թ․) նախաբանի մեջ կա հանձնառություն` «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անձեռնամխելիությունը (признавая и уважая территориальную целостность друг друга и нерушимость существующих границ)»։

Միջազգային իրավունքում և միջպետական հարաբերություններում փաստաթղթերը գործում են ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ Այսինքն ԲՈԼՈՐ պարտավարությունները պետք է հարգվեն։

Հանձնառու երկրի կողմից պարտավարություններից թեկուզ մեկի ոտնահարումը բերում է ամբողջ փաստաթղթի զրոյացմանը (nullification)։

Հիշյալ հռչակագրի նույն նախաբանի մեջ կան նաև հետևյալ հանձնառությունները, որոնք բազմիցս ոտնահարվել են Ադրբեջանի կողմից․

1. Ինքնորոշման իրավունք (правро на самоопределение),
2. Հրաժարում ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից (отказ от применения силы и угрозы силой),
3. Հրաժարում տնտեսական և բոլոր այլ ձևերի ճնշումներից (отказ от экономических и любых других методов давления),
4. Վեճերի խաղաղ կարգավարում (мирное урегулирования споров),
5. Մարդու իրավունքների և ազատությունների հարգանք (уважение прав и свобод человека),
6. Ներառյալ ազգային փոքրամասնությունների (включая права национальных меньшинств).

Ըստ այդմ՝ ՉԻ ԿԱՐՈՂ լինել հանձնառությունների ընտրողաբար և խտրական կիրառում։ Կա՛մ պետք է գործեն ԲՈԼՈՐԸ, կա՛մ՝ ոչ մեկը։

Խիստ խնդրահարույց է մնում Ալմա-Աթայի հռչակագրի մեջ գործածված «գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության, (нерушимость существующих границ») ձևակերպման կիրառումը Սովետական Ադրբեջանի տարածքի և սահմանների առնչությամբ, քանի որ մինչ այդ Ադրբեջանի նորանկախ Հանրապետությունն իր հիմնադիր փաստաթղթով արդեն իսկ հրաժարվել էր Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդությունից և քաղաքական ժառանգությունից։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը վերահաստատում է իր դիրքրոշումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների, ներառյալ տարածքային հիմնախնդիրները խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի հիման վրա լուծելու հարցում։ Միևնուն ժամանակ ընդգծում ենք, որ սովետական վարչական բաժանարար գծերի օրինականացումը որպես միջպետական սահմաններ` նշանակում է Արցախի ուրացում ու նրա հանձնում Ադրբեջանի ողորմածությանը։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը և դրանից ածանցվող հարցերի լուծմանը։

Այդուհանդերձ, միանշանակ է, որ դա անելու համար և դա անելուց առաջ անհրաժեշտ է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում հստակեցնել այն իրավական հենքը և միջազգային օրինական փաստաթղթերի ու քարտեզների շրջանակը, որոնց հիման վրա դա պետք է տեղի ունենա։

1920-1921թթ․ քեմալա-բոլշևիկյան ապօրինի գործարքների հիման վրա առաջացած իրողությունը և վարչական գծերը ՉԵՆ ԿԱՐՈՂ հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայուն, տևական և ընդգրկուն խաղաղության համար։
Ազգային-ժողվրդավարական Բևեռի խորհուրդ,
Երևան, 7 հոկտեմբերի 2022թ․»

Ամենից շատ դիտված