Հայաստանը նախատեսում է բարեփոխել բանակը, ադրբեջանական զինուժը ներդաշնակվում է թուրքականի հետ
copy image url

Հայաստանը նախատեսում է բարեփոխել բանակը, ադրբեջանական զինուժը ներդաշնակվում է թուրքականի հետ

Ներքին 2 տարի առաջ - 21:35 29-09-2022
ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն նախատեսվում է ավելացնել 46.4 տոկոսով՝ հասցնելով 505․797.4 մլն դրամի․ այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ զեկուցեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա՝ ծախսերի աճը 2022 թվականի պետական բյուջեի նկատմամբ կկազմի 160․301.9 մլն դրամ, որը կուղղվի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը հինգ ծրագրի շրջանակում։

ՀՀ պաշտպանության ապահովում ծրագրով նախատեսվում են հատկացումներ Զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարմանը:

Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ ծրագրով նախատեսվել է 2․512 մլն դրամ տրամադրել 12 ռազմաբժշկական հաստատությունների, 2 մասնագիտացված, 60 գնդային, 31 առանձին գումարտակային և գնդերի շուրջ 75 գումարտակային բուժկետերի աշխատանքին, ևս 1․129.8 մլն դրամ էլ՝ «Հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրմանը»։

Ռազմական ուսուցում և վերապատրաստում ծրագրով արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններում և ակադեմիաներումուսանելուն նախատեսվում է հատկացնել 1․029.1 մլն դրամ, Միջազգային ռազմական համագործակցություն ծրագրին՝ 755.2 մլն դրամ, Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ ծրագրին՝ 215.3 մլն դրամ:

Այսպիսով, Պաշտպանության նախարարության ընդհանուր բյուջեն 2023-ին կկազմի 505․797 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 225․547 մլն դրամ, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով՝ 280․249 մլն դրամ:

Հիշեցնենք, որ 2022-ին պաշտպանութան ապահովմանն ուղղվել էր 340․569 մլն դրամ, 2021-ին՝ 333․726 մլն դրամ։

Իսկ Ադրբեջանում 2022թ․-ին ՊՆ-ին հատկացումները կազմել են 1․7 մլրդ դոլար, աճը՝ 16.3%, բացի այդ, «հատուկ գնումների» համար հատկացվել է ևս 942 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ՝ սկսած 1995 թվականից, Հայաստանը ռազմական և պաշտպանական ծախսերի համար հատկացրել է շուրջ 9 մլրդ դոլար, մինչ Ադրբեջանի ռազմական ծախսերը՝ շուրջ 5 անգամ ավելի են եղել։

Ռազմավարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստում նշեց, որ Հայաստանի պաշտպանական ռազմավարությունն ունենալու է երեք հիմնական ուղղություն՝ տևական խաղաղություն և կայունություն հաստատելը, կրթական բարեփոխումները և Հայաստանի Զինված ուժերի հետևողական բարեփոխումները։

Ադրբեջանի ՀեյդարԱլիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար, գեներալ-մայոր Ֆիզուլի Սալախովն օրեր առաջ նշել է, որ ադրբեջանական բանակն ամբողջությամբ անցել է թուրքական ձևաչափի․ ուսուցումը, ծրագրերը, սարքավորումները, անձնակազմի կառուցվածքը, կառավարումն արդեն նոր ձևաչափով են իրականացվում։ Սա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերում ներդրվում են ՆԱՏՕ-ական չափորոշիչները։ Նա նշել է, որ Թուրքիայի հետ ռազմական ոլորտում փորձի փոխանակումը սկսվել է շուրջ մեկ տարի առաջ.«Մենք հավատում ենք, որ կրթության այս մոդելն ավելի հզոր և արդյունավետ կլինի։ Ապագա սպաներն ավելի կրթված կլինեն թե՛ ղեկավարման, թե՛ որոշումներ կայացնելու կարողության տեսանկյունից»։

Սպառազինությունը

Ինչպես նշել ենք վերևում, այս (շուրջ 505 մլրդ) հատկացումների շրջանակում նախատեսված է սպառազինության ձեռքբերում «ներհանրապետական գնումների» միջոցով։ Հետպատերազմյան Հայաստանում թեպետ ակնհայտ է սպառազինության համալրման անհրաժեշտությունը, սակայն այս առումով ազդակները, որ ստացվում են իշխող ուժից, հուսադրող չեն։ Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ բյուջեում գումար կա, սակայն դրանով զենք ձեռք բերել չի հաջողվել։ Ավելին, կատարվել են 100 միլիոնավոր դոլարների վճարումներ, սակայն դրանց դիմաց պատվիրված զինամթերքը Հայաստան չի հասել։

Այս առումով, սակայն, մի լուսավոր կետ․ այսօր հայտնի դարձավ, որ Հնդկաստանի հետ կնքված պայմանագրի շրջանակում Հայաստանին հատկացվելու է մոտ 244 միլիոն դոլարի Pianka հրթիռային համակարգեր և Swathi ռադարներ։ Այսօրվա պայմաններում, երբ մեր զենքի մատակարարման առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին, և հիմա ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, բնականաբար, զենքը հենց ՌԴ-ին է պետք, մեզ համար էական նշանակություն ունի նոր մատակարարներ-դաշնակիցներ գտնելը։

Ադրբեջանն այս տարիներին զենք է գնել գլխավորապես Ռուսաստանից, նաև՝ Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Իսրայելից, այլ երկրներից, որոշ զինատեսակներ արտադրվել են տեղում։ Այժմ, փաստորեն, վերափոխվում է ադրբեջանական-սովետական մոդելի բանակը՝ դառնալով ադրբեջանաթուրքական-նատոյական բանակ՝ վերափոխված զորատեսակները զինելով դրանց համապատասխան զենքերով։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին բազմաթիվ զինվորականներ են խոսում Հայաստանի զինված ուժերի կրթական համակարգի՝ հայկական զինուժին անհամապատասխան լինելու մասին։ Նշվում է, որ թե զորակոչի, թե մարտավարությունների մշակման համար կիրառվում են խորհրդային անծայրածիր հարթավայրային երկրի սկզբունքները, որ մի շարք էական հանգամանքների առկայությամբ արհեստական խնդիրներ են հարուցում պաշտպանական համակարգում։ Մեր լեռնային կտրատված լանդշաֆտին, մեր ազգային բնութագրին համապատասխան բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց էր ակնհայտ․ հուսանք, որ հենց այդպիսիք են այսօր նախատեսվում։

Հ․Գ․ Սպասում ենք ՊՆ-ին այս թեմայով ուղարկած մեր հարցման պատասխաններին։

Ամենից շատ դիտված