Թեհրանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
copy image url

Թեհրանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Արտաքին 2 տարի առաջ - 19:47 29-09-2022
Թեհրանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, ֆրանսիացի դիվանագետը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ կապված Իրանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ «Ֆրանսիայի ԱԳՆ-ի միջամտողական հայտարարության, Փարիզում հակաիրանական ցույցերում երեք երկրների փոխնախարարների մասնակցության և «Charlie Hebdo» ամսագրի զազրելի արարքի առնչությամբ»։

Իրանի արտգործնախարարության Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի երկրորդ բյուրոյի ղեկավարը ֆրանսիացի դիվանագետին ասել է, որ պաշտոնական Թեհրանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի և որոշ ֆրանսիացի պաշտոնյաների միջամտությունը Իրանի ներքին գործերին։ «Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ուղղված է անկարգությունները արդարացնելուն, որոնք այլ նպատակ չունեն, քան հասարակական ունեցվածքին, մարդկանց կյանքին ու ունեցվածքին վնաս պատճառելը», - ասել է դիվանագետը։ Նա նաև մեղադրել է ֆրանսիացի պաշտոնյաներին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։

«Մի կողմից նրանք հյուրընկալում են խմբավորումներին, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Իրանում վերջին, ինչպես նաև նախորդ տարիներին տեղի ունեցած անկարգություններին և մյուս կողմից դատապարտում են իրանական ոստիկանությանը՝ նույն անկարգությունների հետ բախվելու համար», - հայտարարել է իրանցի պաշտոնյան։

Պաշտոնյան ֆրանսիացի դիվանագետին նաև հիշեցրել է, թե ինչպես է ֆրանսիական ոստիկանությունը վարվել դեղին բաճկոնավոր ցուցարարների հետ, ովքեր երկրում խախտում էին խաղաղությունն ու անվտանգությունը։

Ամենից շատ դիտված