Եթե ոչ ԱԱԾ-ն, ապա ով է Թուրքիային արտահանձնել քուրդ զինյալներին
copy image url

Եթե ոչ ԱԱԾ-ն, ապա ով է Թուրքիային արտահանձնել քուրդ զինյալներին

Ներքին 2 տարի առաջ - 17:16 26-09-2022
Ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ քննադատություններից հետո՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ ԱԱԾ-ն անհիմն ու մերկապարանոց է համարում երկու քաղաքացիների Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ քննադատությունները։

Այս հաղորդագրությունից հետո հարց է առաջանում, եթե ԱԱԾ-ն չի արտահանձնել, ապա որ կառույցն է դա արել, և արդյոք, առհասարակ, Հայաստանն է արտահանձնել քուրդ զինյալներին։

Oragir.news-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրության ասաց, որ դրանում արված ձևակերպումները շատ խորամանկ էին արված։

«Նախ՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենք չեն զբաղվում դատապարտվածների արտահանձնման հարցերով։ Մինչդեռ, քուրդ մարտիկները, ըստ էության, դատապարտված չէին, նրանք ազատ էին արձակվել»։

Նա նաև նշեց, որ հաղորդագրության մեջ որևէ բան գրված չէր այլ կառույցների մասին։

«Բացառված չէ, որ բուն պրոցեսը՝ այդ մարդկանց առևանգելու և արտահանձնելու կատարել են, օրինակ, ոստիկանությունը կամ դատախազությունը։ Այդուհանդերձ, երբ ԱԱԾ-ն ասում է, որ այդ մարդկանց արտահանձնման հետ կապ չունեն, նկատի ունեն՝ իրավական հիմքով դատապարտվածների արտահանձնման հետ։ Բայց դա չի վերաբերում այդ երկու մարտիկներին, որովհետև նրանք ԱԱԾ-ի նշած կատեգորիան չէ։ Միաժամանակ, բացի այդ՝ ԱԱԾ-ից, այլ կառույցներ էլ կան, որոնք կարող էին արտահանձնած լինեն» ։

Անդրադառնալով դիտարմանը, թե որքանով է հավանական, որ Հայաստանում որևէ այլ երկրի հատուկ ծառայություններ կազմակերպած լինեն քուրդ զինյալների առևանգումը և արտահանձնումը՝ նա պատասխանեց, որ ԱԱԾ-ի պատասխանատվության ոլորտն է նաև այն, որ այլ երկրի հատուկ ծառայությունների համար Հայաստանը չլինի հետնաբակի նման մի բան, որ ոնց ուզեն՝ մտնեն, ինչ ուզենան անեն»։