«Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նատալյա Ռոտենբերգը գրանցված չէ ՀՀ ընտրողների ռեգիստրում, ինչը ենթադրում է, որ նա ՀՀ քաղաքացիություն դեռևս չունի։ Մինչդեռ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42 րդ հոդվածը սահմանում է քաղաքապետին ներկայացվող պահանջները, ըստ որի՝ քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Միաժամանակ, քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Իրավապաշտպան, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն ասաց, որ մինչև ընտրությունները դեռ 1 տարի կա, եթե չունի քաղաքացիություն՝ կարող է ստանալ։
«Կարծում եմ, եթե մարդիկ որոշել են առաջադրվել՝ այդ հարցերը կարգավորելու վերաբերյալ մտածած կլինեն։ Ինչ վերաբերում է գործարարությամբ զբաղվելուն, ապա մինչև առաջադրումը մարդը կարող է գործարար լինել, այլ հարց, որ պաշտոնյա դառնալուց հետո կարող է բիզնեսները կառավարման հանձնել։ Այնպես, որ չեմ կարծում, թե իրավական առումով խնդիր կլինի»։
Նա ընդգծեց, որ օրենսգրքում հաճախակի փոփոխություներ են արվում, ու անգամ դրույթ կա, ըստ որի՝ քաղաքացիություն չունեցող անձը նույնպես կարող է թեկնածու լինել, եթե որոշ ժամանակ ապրում է համայնքում։ «Կարծում եմ, այդ տեխնիկական հարցերը բոլորովին խնդիր չեն առաջադրման հետ կապված»։
Անդրադառնալով Ռոբենբերգի առաջադրմանը՝ նա ընդգծեց, որ ազատ երկիր է, մարդիկ ունեն իրավունքներ։
«Հետևաբար, կարող են առաջադրվել, նման ֆանտոմներ լինում են, երբ մարդը կարող է հայերեն չխոսել, բայց ուզենա միլոնանոց քաղաք կառաարել։ Նման ֆանտոմներ աշխարհի բոլոր երկրներում լինում են, ուղղակի զարգացած ժողովրդավար հասարակություն ունեցող երկրներում նման դեպքերը շատ քիչ են ու հանրությունը շատ քիչ է կենտրոնանում նման դեպքերի վրա։ Ավելի կարևոր է, այն, ոչ թեկնածուի մասնագիտական որակները անհասկանալի է, թե ինչպես կարող է համայնքային կառավարման մեջ հաջողություններ արձանագրել, կարող է օրինակ, պարզվել, որ նա տեղական ինքնակառավարման գիտությունների դոկտոր է, ուղղակի եթե քաղաքական դաշտը լավ զարգացած լինի՝ քաղաքական ուժերը որակյալ, ուժեղ թեկնածուներ առաջ քաշեին ու տիկին Ռոտենբերգի թեկնածության վրա չէինք կենտրոնանա, մինչդեռ հիմա շատ ենք կենտրոնացել։ Ես կուզեի, որ քաղաքական ընտրանքը մեծ լիներ, ու երևանցիները կարողանային որակյալի ու ավելի որակյալի մեջ ընտրություն կատարել, մինչդեռ զարգացած ժողովրդավարություններում հանրությունը 1-2 տարի առաջ արդեն իմանում է, հասկանում է, թե ովքեր են մրցակից հավակնորդները։ Մեր երկրի դեպքում դեռ ամեն ինչ աղոտ է։ Պարզ է, որ իշխանությունը մեկին պետք է առաջ քաշեր և քաշել է, պարզ է, որ փողը սկսելու է սիմֆոնիաներ նվագել և արդեն նվագում է ի դեմս Ռոտենբերգի, էլ երգեր ենք լսելու, դեռ նախկիններն էլ են մեյդան գալու, սկսնակ երիտասարդ ուժերն են լինելու, որոնք էլի չեն կարողանալու ի մի գալ ու միավորվել 2-3 թեկնածուների շուրջ և ուժեղ թեկնածուներ առաջ քաշել։ Մինչդեռ, հիմա դեռ չենք տեսնում թեկնածուների, եթե այդպիսիք լինեին, արդեն քննարկումը վեճը կգնար թեկնածուների հայեցակարգերի շուրջ, ծրագրային դրույթների շուրջ։ Մինչդեռ, այդ թեմաների շուրջ քննարկումներ նաև քարոզարշավի ընթացքում չենք տեսնելու»։
Անդրադառնալով Ռոտեմբերգի հայերենի իմացությանը, նա նշեց, որ մենք ունեցել ենք և ունենք բազմաթիվ համայնքապետեր, որ դժվարություն են ունեցել սեփական անուն-ազգանունը , ինքնակենսագրականը հայերենով գրելու հարցում, բայց մարդիկ համայնքի ղեկավար են եղել 5-10 և ավելի տարի։
«Ի վերջո, չենք կարող եք չէ՞ ասել, որ համր կամ կույր մարդը չի կարող ընտրվել համայնքի ղեկավար։ Մենք ԸՕ-ում չունենք հոդված, որ համայնքի ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, առողջական ցենզ էլ չկա, այսինքն, առանց կրթության, կույր ու խուլ մարդն էլ կարող է թեկնածու լինեն, հետևաբար սրանով առաջնորդվենք, ոչ թե նրանով որ այս կնոջ մոտ իմ ու ձեր ուզած հատկանիշները չկան։ Այս իմաստով, ինձ շատ ավելի հետաքրքիր է թե ինչ ծարգարյին վեճ է լինելու, ոչ թե այն, թե որ թեկնածուի գլխարկի եզրը ինչ տրամագիծ ունի կամ ինչպես է հագնում-կապում»։