Հետաքրքիր է, որ երեկվանից սոցիալական ցանցերում հարցադրումների մեծ մասը վերաբերում է ընդդիմությանը, թե որտեղ է ընդդիմությունը, ոչ թե որտեղ է իշխանությունը։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագեսա Խամոյան։
«Սա նաև օբյեկտիվ հիմքեր ունի, որովհետև այլևս վաղուց արձանագրված փաստ է, որ Հայաստանը չունի իշխանություն, չունի հայկական օրակարգը սպասարկող իշխանություն։ Ընդդիմության մասով ես կարող եմ արձանագրել, որ ընդդիմադիրների մի մասը բանտում է, մի մասը օգոստոսի 1-ից իշխանությունների կոնկրետ ցուցումով և հրահանգով, որոնք պայմանավորված էին հավանաբար նաև նրանով, որ իրենք տեղյակ էին Ադրբեջանի կողմից իրականացվելիք գործողություններին, մեկնել են եռամսյա վարժանքների։ Ընդդիմության մյուս մասը, ինչպես երեկ հստակ արձանագրել էր Իշխան Սաղաթելյանը, իր տեղում է։ Նա նաև կոչ արեց, որ ժողովուրդը պատրաստ լինի ցանկացած սցենարի»։
Խամոյանն ընդգծեց, որ այնպես չէ, որ իրենք սպասում են սեպտեմբերի 2-ի հանրահավաքին։ «Միաշանակ, առաջիկայում ունենալու ենք հավաքներ, վերջին հանրահավաքի ժամանակ էլ հստակ հայտարարվեց, որ կախված զարգացումներից՝ կլինեն գործողություններ, հետևաբար պետք է պատրաստ լինել ցանկացած պահի մոբիլիզացվելու։ Սպասեք լրացուցիչ հայտարարությունների», - ասաց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այս փուլում տարբեր քաղաքական ուժեր փորձում են հնարավորինս փոխգործակցված և քայլերը ներդաշնակեցնելով գործել։ «Այս իշխանության դեմ պայքարի էֆեկտիվությունը կախված է նրանից, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր դերակատարներ և ուժեր ինչպիսի համախմբում կապահովեն։ Ի սկզբանե մեր ցանկություններ էր թույլ չտալ, որ զարգացումները հասնեին այսպիսի իրավիճակի, որը հետևանք է 2018 թ․-ին տեղի ունեցած փոփոխությունների, բայց այս փուլում դեռևս հնարավոր չի եղել ապահովել այս իշխանության՝ մեր երկրի շահերի դեմ իրագործվող քաղաքականության կանխումը։
Բնականաբար, ընդդիմության մեջ կան փորձառու ինտելեկտուալ ու գիտելիք ունեցող մարդիկ, ու բնական է նաև, որ այս խմբերից հանրային պահանջները պետք է ավելին լինեին։ Այդ պայմաններում պետք է հասկանալ, որ մեկքայլանի և ստանդարտ կոմբինացիաներ չկան, որ կարող են արագ արդյունք ապահովել։ Մեր քաղաքական ուժի անունից կարող եմ ասել, որ մեր պայքարը չի ավարտվել, և մենք անընդհատ փորձելու ենք հասնել այս իշխանության հեռացմանը։ Այս պահին ավելի շատ քաղաքական կոնսուլտացիաների և պլանավորման ժամանակ է, դրանից է կախված թե պայքարի գործիքները ինչ բնույթ կունենա և ինչ ձևով կարտահայտվեն»։