Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը Ռուսական արվեստի թանգարանը ցուցադրեց «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը
copy image url

Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը Ռուսական արվեստի թանգարանը ցուցադրեց «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը

Ներքին 2 տարի առաջ - 19:39 20-07-2022
Նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ականավոր ներկայացուցիչներից Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը՝ հուլիսի 20-ին, Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվեց հեղինակի «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ իրենց հավաքածուում հայ հեղինակի ընդամենը 14 աշխատանք է պահվում, որոնցից մեկը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունն է:

«Կարևորում եմ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որոնք հնարավորություն են տալիս անդրադառնալու պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուում տեղ գտած այն աշխատանքներին, որոնք պատկանում են հայ հեղինակներին»,-շեշտեց Մկրտչյանն ու հավելեց՝ ապագայում ևս մեկ ցուցահանդես կնախաձեռնեն՝ ներկայացնելով հավաքածուի բոլոր հայ նկարիչների գործերը:

Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանը, վստահեցրեց, որ «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը Ավետիսյանի վաղ շրջանի ամենակարևոր աշխատանքներից է: Ըստ նրա՝ այն «Ջաջուռ» կտավի լրացումն է և ոչ պակաս գեղագիտական նշանակություն ունի:

«Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և կարծում եմ, որ մեծ արվեստագետներին հիշելը շատ կարևոր է: Նոր սերունդ է գալիս: Պետք է խոսել մեծերի մասին, վերանայել նրանց կատարած աշխատանքը»,-նշեց նա ու հիշեց, թե ինչպես է նկարել իր հայրը:
Նարեկ Ավետիսյանի խոսքով՝ Մինաս Ավետիսյանը կտավն սկսում էր այնպես, ինչպես կտեսներ այն իր մտքում՝ հստակ: Նկարիչը վերարտադրել է իր գաղափարն ու զգացողությունը, սակայն հաճախ է փոփոխել գունային գամման:

««Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավում տեսնում ենք, որ ներքևի հատվածի գունաշերտերը, կուտակվելով մեկը մյուսի վրա, ստեղծում են հարուստ կոնտրաստներ և անցումներ: Մինաս Ավետիսյանին գիտենք որպես մաքուր ու հնչեղ գույների վարպետի, բայց այդ մաքուր ու հնչեղ գույներում կան հարուստ կիսատոներ: Ովքեր տեսել են նրան աշխատելիս տպավորվել են»,-պատմեց Ավետիսյանը:

Երեկոյին ներկաների հետ արվեստաբանական խոհերով կիսվեցին Նարեկ Ավետիսյանը, արվեստագետներ Արա Հայթայանը և Նազարեթ Կարոյանը։

Համերգային մասում հանդես եկավ Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը` խմբավար Մարինե Ավետիսյանի ղեկավարությամբ և դաշնակահար Հռիփսիմե Ումրշատյանի նվագակցությամբ։

«Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» ստեղծագործությունը 2014 թվականի փետրվարի 21-ին ներկայացվել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանում՝ նկարչի 85-ամյա հոբելյանին նվիրված «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» խորագրով ինքնատիպ ցուցահանդեսին: Պատկերագրքի և պաստառների համար Մորիցբուրգի թանգարանի կողմից ընտրվել է Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) գտնվող Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» միակ ստեղծագործությունը:

Ամենից շատ դիտված