ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ամրապնդել է միասեռ ամուսնությունների իրավունքը
copy image url

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ամրապնդել է միասեռ ամուսնությունների իրավունքը

Արտաքին 2 տարի առաջ - 14:17 20-07-2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը պաշտպանում է միասեռ և միջռասայական ամուսնությունների իրավունքը՝ մտավախությունների ֆոնին, որ Գերագույն դատարանը կարող է վերանայել իր որոշումը այդ առիթով: Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Նշվում է, որ «Ամուսնության հարգանքի մասին» օրենքը պաշտպանել են բոլոր 220 դեմոկրատները և 47 հանրապետականներ։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ փաստաթուղթը չի անցնի Սենատի հաստատման միջով, քանի որ չի հավաքի իր աջակցության համար անհրաժեշտ 60 ձայնը։

Օրենքին դեմ արտահայտվող հանրապետականների հիմնական փաստարկն այն է, որ այս կերպ իրենց հակառակորդները զբաղվում են «քաղաքական ձևականությամբ», քանի որ երկրում միասեռ և միջռասայական ամուսնությունները չեն ենթարկվում ոչ մի հարձակման։

Միասեռ ամուսնությունները Միացյալ Նահանգների ողջ տարածքում օրինականացվել են 2015 թվականի հունիսի 26-ին Գերագույն դատարանի որոշման արդյունքում՝ «Օբերգեֆելն ընդդեմ Հոջեսի» գործով։ Այն որոշել է, որ ԱՄՆ սահմանադրությունը երաշխավորում է միասեռ զույգերի ամուսնության իրավունքը։ Բացի դրանից, այդ ժամանակ ԱՄՆ Գերագույն դատարանը բոլոր նահանգների իշխանություններին պարտավորեցրել է գրանցել միասեռ ամուսնությունները և ճանաչել դրանք։ Հայտնի է, որ ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների իրավունքը պաշտպանում է քաղաքացիների առնվազն 70%-ը։

Ամենից շատ դիտված