Ուղիղ եթեր

Ոստիկանության կապիտանին մեղադրանք է առաջադրվել

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:52 13-07-2022
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց կազմակերպում է առանց քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրման գործընթաց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով հանդիպել են ոստիկանության կապիտանի հետ։

Վերջինս տեղեկացրել է, որ 150-250 հազար դրամ կաշառք տալու եղանակով կարող է աջակցել առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալուն: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում քաղաքացիները 2021 թվականի հոկտեմբերից 2022 թվականի ապրիլ անձամբ կամ մտերիմների միջոցով ոստիկանության կապիտանին են տվել պահանջած 150-250 հազար դրամը։

Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ ոստիկանության կապիտանը, ի սկզբանե նպատակ չունենալով աջակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացին, խաբեությամբ հափշտակել է գումարները:

ՆԱՎ-ում իրականացված ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ, և որոշում է կայացվել ոստիկանության ծառայողին ներգրավել որպես մեղադրյալ։

Նախաքննությունը շարունակվում է: