Հունաստանի ոստիկանությունը ռեյդ է իրականացրել վրացի «օրենքով գող» Կակո Բիլանիշվիլիի գլխավորած հանցավոր խմբավորման դեմ, փոխանցում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին։
Հաղորդվում է, որ Բիլանիշվիլիի խմբավորումը կազմված էր 12 մարդուց, որոնցից մեկը Իրաքի քաղաքացի էր, իսկ մնացածը՝ ծնունդով Վրաստանից։ Նրանց ձերբակալել են հունիսի 8-ին, իսկ այս շաբաթ Աթենքի դատախազության հրահանգով հրապարակվել են նրանց լուսանկարները։
Վերջին տարվա ընթացքում խմբավորման անդամները ամբողջ Ատտիկայում կատարել են տասնյակ բնակարանային գողություններ, որոնց ընդհանուր արժեքը 120 հազար եվրոյից ավելի է:
Խուզարկությունների արդյունքում մեղադրյալներից առգրավվել են որոշ գողացված իրեր. մեծ քանակությամբ զարդեր և թանկարժեք ժամացույցներ, տարբեր էլեկտրոնային սարքեր և բջջային հեռախոսներ, արևապաշտպան ակնոցներ և օծանելիք, ինչպես նաև 8347 եվրո կանխիկ գումար։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հրազեն և դռների կողպեքները կոտրելու գործիքներ։