Թեև պաշտոնական հաղորդագրությունները լռում են սրա մասին, բայց թշնամին արդեն Լաչինի այլընտրանքային ճանապարհի շինարարության ավարտական փուլում է։ Այս մասին այսօր հրավիրված քննարկմանն ասաց հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը։
«Կամուրջը, որ սկսվում է Աղավնո գյուղից, արդեն պատրաստ է։ Մեծ թափով ընթանում են ասֆալտապատման աշխատանքները»։
Նա ընդգծեց, որ եթե ոչ օրերի, ապա մոտ 2 շաբաթվա գործ է մնացել, և ադրբեջանցիները այդ աշխատանքները շուտով կավարտեն։
«Ադրբեջանցիները դեռ տարեսկզբին հայտարարել էին, որ հուլիսի 1-ին կհանձնեն ճանապարհը՝ փոխարենը ստանալով Բերձոր քաղաքը։ Հիմա, ըստ մի քանի օր առաջվա տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը հրահանգ ունեին հուլիսի 1-ին դուրս գալ Բերձորից, իսկ եթե մենք ուշադիր նայենք, ռուսական պոստը արդեն դուրս է հանված Բերձորից և տեղակայված է այնտեղ, որտեղ վերջանում է Քաշաթաղի շրջանը։ Այսինքն՝ խաղաղապահները վերատեղակայված են այն հատվածում, որտեղից սկսվում է նախկին ԼՂԻՄ-ը և վերջանում Լաչինի միջանցքը»։