Հունիսի 28-ի առավոտյան ռուսական ուժերը ձերբակալել են Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևին, հաղորդել է քաղաքի ղեկավարի խորհրդական Գալինա Լյաշևսկայան։
Կոլիխաևին բերման են ենթարկել շենքի մոտ, որտեղ աշխատում էին քաղգործկոմի մնացած աշխատակիցները։ Լյաշևսկայայի խոսքով, գործողությանը մասնակցել են Ռոսգվարդիայի և, հնարավոր է, ԱԴԾ-ի մարտիկները։ «Խուզարկությունից հետո Կոլիխաևին նստեցրել են ավտոբուսը (Z նշանով) և տարել»,- գրել է Լյաշևսկայան սոցցանցերում։ Նա քաղաքապետի կալանավորումը բացատրել է նրա՝ օկուպացիոն իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու հետ։
Խերսոնի մարզի «նոր իշխանությունների» ներկայացուցիչ Կիրիլ Ստրեմուսովը, որին ռուսական պետական լրատվամիջոցները ներկայացնում են որպես մարզի «ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ», հաստատել է, որ «նախկին քաղաքապետ Կոլիխաևը» կալանավորվել է։ Ըստ Ստրեմուսովի, Կոլիխաևը «կոչ է արել անտեսել գործընթացները» և «խոչընդոտել է ապաազգայնացման գործընթացին»։