Շենքն ապամոնտաժվում է, քանի որ վթարային է․ «Սիլ» կոնցեռնը պարզաբանել է, թե ինչու է ապամոնտաժում ալրաղացի շենքը

Ներքին 2 տարի առաջ - 18:46 27-06-2022
Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Oragir.news-ին տեղեկացնում է․ «Ալրաղացի շենքի ապամոնտաժման կապակցությամբ հայտնում ենք, որ շենքն ապամոնտաժվում է, քանի որ վթարային է, հետագայում նման կերպ թողնելը վտանգ է ներկայացնում տարածքով անցնող յուրաքանչյուրի համար: Այն գտնվում է Քրիստափորի, Սևանի փողոցների (Սուրմալու և Փեթակ առևտրի կենտրոնների) հարևանությամբ, մետրոյի վագոնները անցնում են շենքի կողքով: Շենքը, շատ հին լինելով հանդերձ (1938 թ.), երկար տարիներ չի շահագործվել եւ վթարային վիճակում է, վերջինիս փլուզմանը նպաստում է նաեւ մետրոյի ընթացքը։ Շենքը գտնվում է «Սիլ» կոնցեռնի տարածքում, եւ այն ապամոնտաժելու որոշում է կայացվել»։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը մեզ տեղեկացրել էր, որ ապամոնտաժման աշխատանքները ապօրինի են իրականացվում․ «Որոշ ժամանակ առաջ կազմակերպությունը, որի անունը ես չգիտեմ էլ, դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ քանդման թույլտվություն ստանալու համար, բայց քաղաքապետարանը թույլտվություն չի տվել, որովհետև պակաս փաստաթղթեր են եղել, որոնք առաջարկվել է լրացնել։ Պահանջված փաստաթղթերը չեն ներկայացվել։ Ըստ էության՝ այսօր իրականացվել է ապօրինի քանդում, որովհետև իրենք համապատասխան սանկցիա չեն ունեցել։ Հիմա քաղաքապետարանի քաղաքաշինության վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում են և արձանագրություն են կազմում»։

Ամենից շատ դիտված