Ինչո՞ւ Նիկոլը հրաժարական չտվեց
copy image url

Ինչո՞ւ Նիկոլը հրաժարական չտվեց

Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:30 24-06-2022
Ընդդիմության՝ մոտ 2 ամիս տևած հրապարակային պայքարն արդյունք չտվեց, քանի որ նախապայման էր առաջ քաշված։ Ընդդիմադիրը հայտարարում էր, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել։ Բայց միաժամանակ առաջ էր քաշում նախապայման՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ենթադրվում է, որ Նիկոլը հրաժարական չտվեց, քանի որ այս նախապայմանը չընդունվեց իշխանափոխության միջնորդի կողմից։ Պատկերավոր ասած՝ ընդդիմությունը պարտվեց 2։1 հաշվով։

Այս ենթադրության հիմքը 2018-ի իշխանափոխության հետ համեմատությունն է։ Այն ժամանակ ՌԴ-ի միջորդությամբ տեղի ունեցավ իշխանափոխություն։ Այս մասին գիտի ցանկացած քաղաքական գործիչ, մանրամասները գիտեն 2018-ին իշխանությունը հանձնած գործիչները, ընդունած գործիչները, Սևանում հանձնման-ընդունման հանդիպման մասնակից ՌԴ հատուկ ծառայությունների և հատուկ պատվիրակության անդամները։ 2018-ին իշխանությունը հանձնածի նախապայմանների մասին ակնարկել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը Մհեր Մկրտչյանի հետ հայտնի հարցազրույցում։ Իսկ միջնորդի նախապայմանների մասին ենթադրությունները համադրվում են իշխանափոխությանը հաջորդած իրադարձություններին՝ Արցախի հարցի ուժային լուծում և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայում։

Այս անգամ ևս ակնկալվում էր, որ ՌԴ միջորդությամբ տեղի կունենար նմանատիպ իշխանափոխություն։ Հանձնող կողմի ենթադրյալ նախապայմաններից մեկն ակնհայտ էր։ Դա խաղաղության օրակարգն է, որին ներգրավված են Եվրամիությունն ու ԱՄՆ-ն։ Այս նախապայմանին համաձայնեց հավանական միջնորդ ՌԴ-ն, իսկ իշխանության հավակնող ուժերը հրապարակավ հայտարարեցին, որ շարունակելու են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները։ Սակայն այս անգամ ՀՀ-ում իշխանության հավակնորդը նախապայման դրեց՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ առաջարկեցին ԱԺ հայտարարության նախագիծ և ընդլայնեցին նախապայմանները։ Դրանք այնքան կոշտ էին, որ Երևան եկած ՌԴ ներկայացուցիչը հրաժարվեց անգամ հանդիպել ընդդիմության ղեկավարների հետ ու քննարկել այդ նախապայմանները։

Պարզ ասած՝ ընդդիմությունը չի հրաժարվում իր նախապայմանից։ Իսկ ՌԴ-ն չի ընդունում այն, քանի որ չի ուզում խախտել Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հետևաբար՝ ընդդիմությունն իշխանության հասնելու համար կա՛մ պիտի առաջ քաշի այնպիսի առաջնորդ, որը կհրաժարվի այս նախապայմանից, կա՛մ պիտի իշխանափոխության այնպիսի միջնորդ գտնի, որը, ի տարբերություն ՌԴ-ի, շահագրգիռ կլինի, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։

Ամենից շատ դիտված