Վերեշչուկը Խերսոնի բնակիչներին հորդորել է իրենց բնակավայրերը լքել Ղրիմի տարածքով
copy image url

Վերեշչուկը Խերսոնի բնակիչներին հորդորել է իրենց բնակավայրերը լքել Ղրիմի տարածքով

Արտաքին 2 տարի առաջ - 11:36 21-06-2022
Խերսոնի մարզի բնակիչները պետք է օգտագործեն բռնազավթված տարածքները լքելու բոլոր հնարավորությունները, հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Մասնավորապես, ուկրաինացիները կարող են օգտվել ռուսական ռազմական անձնագրերից և սահմանը հատել Ղրիմով, գրում է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով փոխվարչապետին։

Նրա խոսքով, դա ուկրաինական բանակի համար կհեշտացնի «ապաբռնազավթումը»։ Նա պնդում է, որ խաղաղ բնակիչները Խերսոնի համար մղվող մարտերի ժամանակ կարող են օգտագործվել որպես կենդանի վահան։

«Եթե իմանանք, որ այնտեղ երեխաներ կան՝ մենք անզոր կլինենք, իսկ մենք դա չենք ուզում: Հավատացեք, ապաբռնազավթումը չի ուշանա, հակահարձակում անպայման կլինի»,- ասել է նա:

Խերսոնը ՌԴ կողմից բռնազավթվել է պատերազմի առաջին օրերին։ Երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնից 15-18 կմ հեռավորության վրա են, սակայն ընդգծել է, որ «պատերազմի ժամանակ 18 կմ-ի համար կարող է վեց ամիս պահանջվել»։