Չկա մի ձեռք, որ կանխի՝ ո՛չ երկրի ընտրված տերերը, ո՛չ էլ նրանց տեր ընտրած ժողովուրդը
copy image url

Չկա մի ձեռք, որ կանխի՝ ո՛չ երկրի ընտրված տերերը, ո՛չ էլ նրանց տեր ընտրած ժողովուրդը

Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:20 17-06-2022
Հայաստանում մահերը գերազանցում են ծնունդներին: Հայաստանից ավելի շատ արտագաղթում են անվերադարձ, քան ներգաղթն է՝ վերադարձը: Այդպես եղել է անցյալ դարի 90-ականների սկզբին: Այս մասին են վկայում վիճակագրական վարչության տվյալները: Ժողովրդագրության անկում:

Իսկ վերջին չորս տարիներին անկում է Հայաստանում բոլոր ուղղություններով: Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, բայց չունենք գյուղատնտեսության նախարարություն: Մշակութային ազգ ենք համարվում, բայց չունենք մշակույթի նախարարություն: Նմանապես չունենք սփյուռքի նախարարություն, երբ հայերիս չորսից երեքն ապրում է Հայաստանից դուրս:

Արդյո՞ք ունենք բանակ, երբ բանակն ամիսներ շարունակ չունի գլխավոր շտաբի պետ ու տեղակալներ: Պատերազմից հետո չի համալրվել ու չի սպառազինվել: Սահմանին զինվորները վրանի տակ են պատսպարվում և թիրախ են թշնամու դիպուկահարին: Ազգային անվտանգության ծառայության հինգ պետ է փոխվել չորս տարվա ընթացքում: Հենց այդ պետափոխվող ծառայության սթափ հայացքի տակ էլ կարողացել են զինվորականները ռազմական գաղտնիքներ փոխանցել ու տեղեկություններ տրամադրել թշնամուն տևական ժամանակ և մնալ չբացահայտված:

Բայց կա մի ոլորտ, գերատեսչություն, որը ոչ միայն անխափան է գործում, այլ խափանում է այն ամենը, ինչը տհաճ է երկրի վարչապետին: Ամեն ինչ անում է բացառապես նրան հաճոյանալու համար: Ոստիկանություն, որ վարչապետի հաճելի ժամանցի ապահովությունն է:

Անկում է ներքաղաքական կյանքում և առհասարակ ներքին կյանքում, ճգնաժամ: Անկում է արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Խաղաղության անորոշ օրակարգ ենք մոգոնել, որ ավելի շուտ ամենօրյա պատերազմ է՝ տարածքներ ու սահմաններ, իրավունքներ զիջել թշնամուն՝ անհասկանալի ապագայով, քան խաղաղության ու կայունության թեկուզ մի փոքրիկ վստահություն ու նշմարվող նշույլ: Օրակարգ, որ թշնամի երկրի, ավելի ստույգ՝ երկրների թելադրանքն է ու պարտադրանքը, նվաստացնելն ու ստորացնելը, վերջնականապես ծնկի բերելն ու այդպես մեր հաշիվը փակելը:

Ամեն բան է ազատ անկման մեջ, քանդ ու ավեր, փլուզվող: Եվ չկա մի ձեռք, որ կանխի այդ անկումը, թույլ չտա այդքան ազատ ու անսաձ տապալվի՝ ո՛չ երկրի ընտրված տերերը, ո՛չ էլ նրանց տեր ընտրած ժողովուրդը:

Ամենից շատ դիտված