Ռուսական զորքերը վերահսկում են Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկ քաղաքի տարածքի մեծ մասը՝ ներառյալ նրա կենտրոնը։ Այս մասին այսօր հաղորդել են ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական աղբյուրները։
Սևերոդոնեցկը, որտեղ ժամանակավորապես տեղակայված էր Լուգանսկի մարզային վարչակազմը, վերջին օրերին եղել է ռուսական բանակի հարձակման գլխավոր թիրախը։
Լուգանսկի մարզի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքով՝ «մայիսի 31-ին օկուպանտները գրոհային գործողություններ են իրականացրել Սևերոդոնեցկի հյուսիսային, հարավային և արևելյան շրջաններում, ամրապնդվում են քաղաքի կենտրոնում»։
Այս մասին ասվում է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։ Բրիտանական ռազմական հետախուզության գնահատականով՝ քաղաքի կեսից ավելին գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։