Հարավային Օսիայում Վրաստանի քաղաքացիներ չկան. Մեդոևը՝ Զուրաբիշվիլիին
copy image url

Հարավային Օսիայում Վրաստանի քաղաքացիներ չկան. Մեդոևը՝ Զուրաբիշվիլիին

Արտաքին 2 տարի առաջ - 18:59 27-05-2022
Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունում մեկնաբանել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունները, որոնք արվել են Վրաստանի Անկախության օրը։

Զուրաբիշվիլին, մասնավորապես, ռուսական սադրանք է անվանել Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու հարցով հանրաքվեի անցկացման ծրագրերը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին հասցեագրված խոսքերին, ապա դա ոչ այլ ինչ է, քան հակառուսական թեմայի հերթապահ մշակում Վրաստանի անդրօվկիանոսյան հովանավորների առջև»,- հայտարարել է հարավօսական ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Մեդոևը:

Նա մեկնաբանել է նաև Զուրաբիշվիլիի խոսքերն այն մասին, թե Վրաստանը պատերազմով և ուժով ոչինչ չի ծրագրում Հարավային Օսիայի և Աբխազիայի դեմ: Զուրաբիշվիլին միաժամանակ ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին անվանել է «մեր քաղաքացիներ»։

«Նման է ճշմարտության: Վրաստանում բնակվող ազգությամբ օսեթ քաղաքացիները, հնարավոր է, չեն ենթարկվել վրացական Բայրաքթարների ռմբակոծություններին։ Սակայն եթե տիկին Զուրաբիշվիլին նկատի ուներ Հարավային Օսիան կամ Աբխազիան, ապա այստեղ ելույթի տեքստում ակնհայտ սխալ է հայտնվել այս ուղերձի հասցեատիրոջ ընտրության հարցում։ Մանավանդ որ Հարավային Օսիայում Վրաստանի քաղաքացիներ չկան, և դա հայտնի է բոլորին»,- ասել է Մեդոևը։