Առանց սխալվելու իրավունքի
copy image url

Առանց սխալվելու իրավունքի

Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:45 18-05-2022
Օրերս Նիկոլին դարձյալ Մոսկվա էին կանչել։ Թույլատրել էին աշխատանքային այց կատարել, մասնակցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Ու չէին էլ կարող չթույատրել, քանի որ դեռ նախագահելու հենց ի՛ր հերթն է` ըստ գործող կարգի։ Այսինքն՝ ստիպված էին կանչել։ Թեև ակնհայտ էր, որ Նիկոլին մեկ անգամ ևս տեսնելու ու նրա անիմաստ, դատարկ, հերթապահ, ոչ ամբողջությամբ հասկանալի ասելիքը լսելու զահլա ներկաներից ոչ մեկը չուներ։

Այս անգամ էլ Նիկոլին նախ Կրեմլում բացահայտորեն ստորացրին, անարգեցին, արհամարհեցին ու ծաղրեցին։ Հետո նաև Մոսկվայում գտնվելու ամեն րոպեն նրա համար դարձրին հատընտիր վիրավորանքներ լսելու, իր նկատմամբ զզվանքն ու անվստահությունն առարկայորեն զգալու, իր ամոթալի վախերի ու զավեշտալի խորամանկությունների, շուստրիությունների, ստերի հետևանքները «վայելելու» պատիժ։ Դե իսկ իր անվտանգությունը առանձնակի ուժերով պահպանելու Նիկոլի պահանջը ռուս հատուկջոկատայինների շրջանում վախկոտության մասին նոր անեկդոտների մատերիալ է դարձել։

Մինչդեռ հիմա Հայաստանի ու Արցախի, աշխարհի հայաբնակ այլ բնակավայրերի փողոցներում ու հրապարակներում Նիկոլի ու իր ռեժիմի հրաժարականը պանաջող ցուցարարները, ողջ հայ ժողովուրդը ուզում են իր ազգային առաջնորդն ունենալ։ Եվ հիմա, իրոք, ողջ ազգը գրեթե կատարյալ անորոշության ու տենդագին որոնումների մեջ է։ Իսկ արտաքին ուժերը ուզում են իրենց համար մեր երկրում նոր հավատարիմ ու հլու, բայց նաև կարող ու ունակ գործիք գտնել։ Հետևաբար, ամեն ու բոլոր հնարավոր իմաստներով Նիկոլի վերջը եկել է։ Արդեն նրա ժամանակը սպառված է։

Փոփոխությունը, սակայն, չի կայանում լոկ այն պարզ պատճառով, թավշյա ռեժիմի գոյությունը իներցիայով շարունակվում է միայն այն ցավալի անհստակության հետևանքով, որ ներսում ու դրսում որոնումների մեջ են և դեռ իրենց ցանկալի լուծումը չեն գտել։ Իսկ չեն գտնում, քանի որ միայն թվում է, թե չորս տարին կարճ ժամանակամիջոց է։ Մինչդեռ պարզվում է, որ այն լրիվ բավական էր, որպեսզի Նիկոլը հասցնի ջնջել, ոչնչացնել, ապականել, վարկաբեկել բոլոր հեղինակություններին ու արժեքները։ Սա հենց այն իրավիճակն է, երբ անհարժեշտ է, պարտադիր է ծայրահեղ շրջահայաց, խիստ սկզբունքային ու առավելագույնս ճշգրիտ գործել։ Սա այն իրավիճակն է, երբ ժողովրդավարություն խաղալը կարող է աննախադեպ ճակատագրական, ոչ պակաս կործանարար լինել, քան դա եղավ չորս տարի առաջ և բազմիցս կրկնվեց Նիկոլի հրահանգով ու վերահսկողությամբ անցկացված բոլոր ընտրությունների ժամանակ։ Սա հենց այն իրավիճակն է, երբ քաղաքականության արվեստը ճշգրիտ բանեցնելը խիստ պարտադիր է, անհրաժեշտ է, հրամայական է։

Գոնե այսօրվա մեր ունեցած վիճակի համար «քաղաքականության արվեստն էլ հենց այն է, որ մարդկանց թույլ չտա մասնակցել այն գործերին, որոնք ուղղակիորեն հենց իրենց են վերաբերվում»։ Այս միտքը Պոլ Վալերին է արտահայտել, երբ Ֆրանսիան` իր հայրենիքն էր այսօրվա մերի նման ծանր ու բախտորոշ վիճակում։ Քաղաքականության արվեստը մեր երկրում այսօր առկա իրավիճակում պետք է գործադրել հմտորեն՝ առաջացած բոլոր հանգամանքներն ու մարտահրավերները հաշվի առնելով։ Իսկ սա նախ և առաջ նշանակում է, որ արդյունավետ քայլեր պետք է գտնվեն դեռ չեզոքություն պահպանող, դիտորդ, կողմնորոշվել չկարողացող մեծամասնությանը կողմնորոշելու, առաջացած իրողությունները բացատրելու, առկա իրավիճակի էությունը պարզաբանելու և ժողովրդի վստահությունը ստանալու համար։ Հետևաբար, շարժումը պետք է անհրաժեշտորեն նոր որակ ու կարգավիճակ ստանա, մարտավարական, ռազմավարական, գաղափարական նոր մակարդակի բարձրանա, նոր ու արդյունավետ մեթոդաբանություն ու գործելակերպ որդեգրի։

Այսօր թավշյա ռեժիմը ծայրահեղորեն չարաշահում է իր տնօրինած իշխանական լծակները, կոպիտ ու անուղղելի սխալներ է անում, ամեն հաջորդ օրվա ընթացքում գերազանցում է նախորդ օրը արձանագրած ձերբակալությունների ռեկորդը։ Արդեն բացահայտորեն Նիկոլը ոստիկաններին հրահանգում է մոռանալ օրենքի, կարգ ու կանոնի մասին ու իր դավաճան հոգին փառավորող դաժանություններ գործելու դիմաց շռայլորեն վճարում է պետական գանձարանից։ Արդեն Նիկոլը դատական համակարգին օժտել է անպատժելիության մենաշնորհով ու դատապարտել է արժանապատվության ցկյանս չգոյության։ Սա թավշյա ռեժիմի հոգեվարքն է, բայց սա միաժամանակ նաև հրապարակ դուրս եկած ընդդիմության համար չսխալվելու հրամայականն է։

Ամենից շատ դիտված