Հյուսիսային Կորեայի իշխանությունները դժվար թե միջուկային փորձարկումներ իրականացնեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարավկորեական Սեուլ այցի ժամանակ, գրում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյաներին։
Նախօրեին ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները մտավախություն էին հայտնել, որ Փհենյանը կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկել։
Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Կիմ Թե Հյոի խոսքով, երկիրը «պլան Բ» է պատրաստել Ջո Բայդենի և նախագահ Յուն Սոկ Յոլի գագաթնաժողովի ժամանակ Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի դեպքում։
Մերձավոր Արևելքի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Հալեդ Հիարին ավելի վաղ ասել էր, որ նշաններ կան, որ Հյուսիսային Կորեան վերսկսել է շինարարական աշխատանքները միջուկային փորձադաշտում, որը փակվել է 2018 թվականին: