Երևանում այսօր՝ մայիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին, իսկ հետո՝ ծառին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը Խանջյան փողոցում գործող հայտնի «Սոլո» բարի տնօրենն էր։