Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանվեց մեկ տարի. նախագիծն ընդունվեց

Ներքին 2 տարի առաջ - 11:50 17-05-2022
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է քննարկվում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որի հեղինակն են ԱԺ իշխանական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Արփի Դավոյանը, իսկ կառավարության ներկայացուցիչն է Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

Նախագծով առաջարկվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասով քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանել մեկ տարի, ինչպես նաև ընձեռել ևս վեց ամիս երկարաձգելու հնարավորություն։
Արդարադատության նախարարի տեղակալ Մինասյանի խոսքով՝ նախագծի ընդունումը միտված է խորհրդարանական գործիքի լիարժեք գործարկմանը. «Փորձը ցույց է տվել, որ նախորդ խորհրդարանի գործարկման ընթացքում նշված ժամկետի ոչ բավարար լինելու արդյունքում վեց ամսով երկարաձգվեց քննիչ հանձնաժողովի լիաորությունների ժամկետը, ինչը նույնիսկ այդ ժամանակ բավարար չեղավ քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրականացման համար»։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հնարավոր չէ քննիչ հաձնաժողովին ստիպել, որ աշխատի. «Քննիչ հանձնաժողովի ձայների երկու երրորդի առաջարկի պարագայում կարող է երկարաձգվել, որովհետև արհեստականորեն ձգձգում են, որ հանձնաժողովը շարունակի իր աշխատանքները»։

Նախագծի հարակից զեկուցող Արփի Դավոյանն ասաց, որ երբ քննիչ հանձնաժողովի անդամ են եղել նախորդ գումարման ԱԺ-ում, հասկացել են, որ վեցամսյա ժամանակը կարճ է. «Երբեմն դեպքեր են պատահում, որ խոչընդոտում են քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, և որոնք ընդհանրապես կապված չեն ԱԺ աշխատանքների հետ։ Այս նախաձեռնության հիմքում ընկած է մեր շատ սիրելի խորհրդարանական վերահսկողությունը, որը կնպաստի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունավտությանը։ Հուսով եմ՝ հանձնաժողովի աշխատանքները չեն վերածվի ինքնանպատակ գործունեության, և հանրային հետաքրքրությունը չի ընկնի»։

Նախագիծը միաձայն ընդունվեց հանձնաժողովի նիստում։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված