Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե երկիրը հունիսին չստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, ապա դա եվրոպացիների կողմից կլինի «խաբեություն»։
«Եթե մենք չստանանք թեկնածուի կարգավիճակ, դա կարող է նշանակել միայն մեկ բան՝ Եվրոպան փորձում է մեզ խաբել: Եվ մենք դա կուլ չենք տա»,- հայտարարել է Կուլեբան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գաղափարը՝ «ստեղծել նոր քաղաքական միություն» եվրոպական երկրների համար, որոնք դեռևս ԵՄ անդամ չեն:
Մակրոնը նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի համար Եվրամիության անդամի կարգավիճակ ձեռք բերելու գործընթացը կտևի մի քանի տարի կամ նույնիսկ մի քանի տասնամյակ։ Սակայն Կուլեբան նշել է, որ ուկրաինական իշխանությունների համար այս պահին գլխավորը թեկնածուի կարգավիճակ ստանալն է։
«Երեք ամիս առաջ այս երկիրը նույնիսկ անդամակցության հեռանկար չուներ։ Հիմա քննարկում են, թե ինչքան ժամանակ կպահանջվի»,- հայտարարել է նա։
«Ուկրաինան միակ վայրն է Եվրոպայում, որտեղ մարդիկ մահանում են այն արժեքների համար, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն: Եվ ես կարծում եմ, որ դա պետք է հարգել»,- ընդգծել է նա։