30-րդ հոբելյանականը. Ֆուտբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչին ընդառաջ
copy image url

30-րդ հոբելյանականը. Ֆուտբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչին ընդառաջ

Սպորտ 2 տարի առաջ - 22:36 07-05-2022
Մայիսի 8-ին՝ ժամը 19։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է ֆուտբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության 30-րդ՝ արդեն 2-րդ տարին «VBET Հայաստանի Գավաթ» անունը ստացած մրցաշարի եզրափակիչը։

Վճռորոշ տիտղոսի համար այս անգամ պայքարելու են «Ուրարտուն» և Վայոց Ձորը ներկայացնող, սակայն տնային հանդիպումները Չարենցավանում անցկացնող «Նորավանքը»։

Քանի որ Պրեմիեր լիգայում երկու թիմերն էլ արդեն իսկ չեն հավակնում մրցանակային տեղերի, ուստի գավաթակիրը միանգամից եվրագավաթային ուղեգիր կնվաճի՝ մասնակցելով ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլին։

Այստեղ իրավիճակը փոքր ինչ խճճված է. ՈւԵՖԱ-ն պահանջում է, որ եվրագավաթին մասնակցող թիմն ունենա առնվազն 3 տարվա պատմություն։ «Նորավանքը», սակայն, հիմնադրվել է 2020 թվականին։ Հայտնի է, որ ակումբը ՀՖՖ-ի միջոցով դիմել է ՈւԵՖԱ, որպեսզի հնարավոր հաղթանակի դեպքում ընդառաջեն մասնակցել եվրագավաթային պայքարին (ի դեպ, Եվրոպայում դեպքեր եղել են, որ գերատեսչությունն ընդառաջի ակումբներին)։ Եվրագավաթներին մասնակցելու համար հարկավոր է ոչ միայն ազգային, այլ նաև ՈւԵՖԱ-ի արտոնագիր, իսկ այս հարցի վերաբերյալ ՀՖՖ-ն լրացուցիչ նիստ է գումարելու։

Նշենք, որ «Ուրարտուն» (նախկին «Բանանց») Հայաստանի եռակի գավաթակիր է, իսկ «Նորավանքը» Հայաստանի Գավաթի խաղարկությանը մասնակցելու իր 2-րդ փորձից հասել է եզրափակիչ։ Ի դեպ, անկախ Հայաստանի Գավաթի խաղարկությունը, որը նախկին կոչվում էր Հայաստանի Անկախության Գավաթ, անցկացվում է 1992 թվականից, և հատկանշական է, որ անդրանիկ գավաթին տիրել է հենց «Բանանցը»՝ ներկայիս «Ուրարտուն»։ Այդ տարի երևանյան ակումբը եզրափակչում 2։0 հաշվով հաղթել է «Հոմենթմենին»` ներկայիս «Փյունիկին»։ «Բանանցը» 2007 և 2016 թվականին նույնպես տիրացել է բաղձալի մրցանակին։ Առհասարակ, «Ուրարտուն» «գավաթային» թիմ է. այդ ակումբի տղաները տարբեր տարիներին 8 անգամ խաղացել են եզրափակչում, որոնցից, ինրպես նշեցինք, հաջողոթյան են հասել 5 դեպքերում։

Ճանապարհ դեպի եզրափակիչ

Ըստ վիճակահանության՝ «Ուրարտուն» պայքարը սկսել է ¼ եզրափակչից։ Նախորդ՝ ⅛ եզրափակրում «Նորավանքը» նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ։

Քառորդ եզրափակչում «Ուրարտուն» 2։0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին», իսկ «Նորավանքը» 2։1 հաշվով առավելության է հասել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ Կիսաեզրափակչում «Ուրարտուն» վստահորեն հաղթել է «Վանին»՝ 3։0, իսկ «Նորավանքը» 2։1 հաշվով պարտության է մատնել «Արարատին»։

Հավելենք, որ մուտքը մարզադաշտ տոմսերով է. արժեքները՝ 300, 500 և 1000 ՀՀ դրամ են։