Պիտի պայքարենք արդարության համար՝ միասնական լինելով որպես մեկ ազգ՝ Ստեփանակերտից մինչև Երևան․ Լևոն Արոնյան
copy image url

Պիտի պայքարենք արդարության համար՝ միասնական լինելով որպես մեկ ազգ՝ Ստեփանակերտից մինչև Երևան․ Լևոն Արոնյան

Ներքին 2 տարի առաջ - 21:59 25-04-2022

Գրոսմայստեր, շախմատի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի բարեկամներ,

Այսօր` Ապրիլի 24-ին, մենք հիշում ենք ցեղասպանության 107-րդ տարին: Իրադարձություն՝ որն արմատապես փոխեց մեր ազգի ուղին: 1915 թվականին իմ և ձեզ նման մարդիկ Թուրքիայի ջանքերով արտաքսվեցին մեր նախնիների հողերից, սպանվեցին կամ ստիպված եղան հարմարվել այլ ազգերի ու մշակույթների հետ ձուլմանը։

Որպես ազգ մենք սովորցինք մի դառը ճշմարտություն. շատ քչերին է մտահոգում անարդարությունն ու չարիքը, եթե հենց իրենց չի ուղղված կամ անմիջականորեն չի բախվում իրենց շահերին:

Ոմանց համար այս փաստը կարող է հուսահատեցնող լինել, բայց ես հավատում եմ, որ այն կարող է աշխատել մեր օգտին.Դավիթը դուրս եկավ Գողիաթի դեմ, հասկանալով, որ անհամեմատ փոքր է, և որ իր միակ առավելությունն իր քաջությունն է: Մենք՝ հայերս, պատառոտված, թուլացած, ամբողջովին կամավորներից կազմավորված բանակով, պաշտպանեցինք ապրելու մեր իրավունքը՝ 1918-ի Սարդարապատի ճակատամարտում՝ հետ մղելով հայությունն իսպառ բնաջնջելու մոլուցքով տարված թուրքական մեծաթիվ բանակը:

Գոյատևման վտանգը միշտ էլ հետապնդել է մեզ: Եվ ինչպես ցույց տվեցին վերջին տարիների իրադարձությունները, մեր թշնամիները երբեք չհրաժարվեցին իրենց նկրտումներից՝ փորձելով կյանքի կոչել Օսմանյան կայսրությունը։

Դժվար է հայ լինել ու հայ մնալ: Քանի դեռ հիշում ենք ու պահպանում մեր ինքնությունը՝ մշակութային, կրոնական, պատմական առումով, բախվում ու բախվելու ենք մեզ դարեր շարունակ հետանպնդող վտանգին:

Եկեք բոլորս լինենք ուժեղ ու հպարտ ՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որը սակայն երբեք չի դադարել ապրել ու ստեղծագործել: Մենք պիտի շարունակենք ցույց տալ մեր գոյությամբ, որ չնայած մենք փոքր ազգ ենք, միևնույնն է, կարող ենք և պիտի պայքարենք արդարության համար, շարունակելով հարգել մեր ավանդույթները և միասնական լինելով որպես մեկ ազգ՝ Ստեփանակերտից մինչև Երևան»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի