L'Occitane ընկերությունը, համենայնդեպս, որոշել է հեռանալ Ռուսաստանից։ BBC-ի ստացած հայտարարության մեջ L'Occitane-ն հաղորդել է, որ ռուսական ձեռնարկությունը փակելու որոշումը հավանության է արժանացել ընկերության տնօրենների խորհրդի կողմից:
«Հաշվի առնելով մարդկային վիթխարի տառապանքը, որն առաջացել է Ուկրաինայում ռազմական գործողությունների էսկալացիայի հետևանքով, և ամբողջ աշխարհում մեր աշխատակիցներին հնարավոր հանրային ագրեսիայից պաշտպանելու համար մենք որոշում ենք կայացրել փակել Ռուսաստանում սեփական խանութներն ու էլեկտրոնային առևտրի կայքերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Մի քանի օր առաջ L'Occitane-ը BBC-ին հայտնել էր, որ մտադիր չէ փակել իր խանութները Ռուսաստանում: Այդ ժամանակ ընկերությունն արդեն դատապարտել էր ռուսական ներխուժումն Ուկրաինա և դադարեցրել էր նոր ներդրումներն ու ապրանքների առաքումը Ռուսաստան։