Արցախի հայաբնակ լինելու հարցը կախված է Ռուսաստանի կամքից. քաղաքական մեկնաբան

Ներքին 3 տարի առաջ - 00:32 07-04-2022
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը Ազատություն ռադիոկայանի եթերում խոսել է Արցախի շուրջ զարգացումների մասին: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք չարագուշակ են պնդումները, որ Արցախի՝ հայկական մնալու ճակատագիրը խիստ վտանգված է, Բաղդասարյսնը ասաց.

«Այո, իրականում վտանգը շատ մեծ է, որովհետև Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն արդեն ձեռքերը լվացել են այդ հարցից և, խնդիրը, ըստ էության, թողել են ռուս-ադրբոջանական հարաբերությունների տիրույթում: Այսինքն՝ Արցախի՝ հայաբնակ լինելու հարցը գրեթե ամբողջությամբ կախված է ռուս խաղաղապահների ցանկությունից և Ռուսաստանի կամքից»:

Խոսելով Փաշինյանի՝ մի քանի օր առաջ արված այն հայտարարության մասին, թե Արցախի կարգավիճակի հարցը հայկական կողմի համար սկզբունքային է և Մինսկի խմբին դիմելու մասին, քաղաքական մեկնաբանը ասաց. «Եկեք իրատես լինենք: Մինսկի խմբի համանախագահները կարո՞ղ են արդյոք աշխարհում տիրող իրավիճակի ֆոնին նորմալ համագործակցել: Ինչպե՞ս եք պատկերացնում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը որևէ հարցում: Դա իրատեսական չէ գոնե մոտ ապագայում: Իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանի հայտարարություններին, որ դա մեզ համար սկզբունքային է, ապա այդ սկզբունքայնությունը պիտի արտահայտվի ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով.օրինակ՝ Ադրբեջանի այս կամ այն դիրքորոշմանը տրված պատասխանով, կամ իրենց առաջարկած 5 կետերի հակափաստարկներով և այլն»:

Բաղդասարյանը ասաց, որ հենց այնպես հայտարարություններ անելը մեզ համար ոչինչ չի նշանակում, որովհետև Ադրբեջանը քայլ առ քայլ փորձում է Արցախը հայաթափել. «Եվ դա փորձում է Ադրբեջանն անել շատ արագ: Ռուս խաղաղապահներն էլ ուղղակի թույլ չեն տալիս, որ դա արագ տեղի ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում