Ինչպես վերադարձնել Շուշին ու Արցախը․ Կարին Տոնոյան
copy image url

Ինչպես վերադարձնել Շուշին ու Արցախը․ Կարին Տոնոյան

Ներքին 3 տարի առաջ - 22:08 24-03-2022
Ինչպես վերադարձնել Շուշին ու Արցախը
Կամ առանց Արցախ կա՞ արդյոք հայի ու հայկականության զարգացում ու հզորացում......
Շատերի համար սա արդեն իմաստազրկված հարց է, քանզի շատերն արդեն հաշտվել են Արցախի կորստի կամ «օտարման» փաստի հետ, իսկ շատերի համար էլ այս հարցը բանալին է վաղվա օրվա, հայի ու հայկականության ապագայի....

Որպես մանկավարժ հայոց առասպելները դասավանդելիս միշտ շեշտադրված կանգ եմ առնում մեր, որպես մարդկության տեսակի, հայ էթնոսի ձևավորման պահին դրսևորած հատկությունների վրա, այսինքն բացատրում եմ, թե որոնք են մեր էթնոսածին հատկությունները, և մանրագործի բծախնդրությամբ երեխաների հետ քննարկում ենք Հայկ Նահապետի և նրա որդիների դրսևորած հատկությունները՝ Բելի, որպես բռնակալության աշխարհակարգի դեմ: Հավատացեք 4-5-րդ դասարանցիներն են անգամ առանց դժվարության նշում այդ հատկությունները՝

1. Արդարամտություն/ չհաշտվեց Բելի խարդախության հետ
2. Ազատասիրություն/ չհանդուրժեց պարտադրված ապրելը
3. Ըմբոստություն/ չենթարկվեց Բելին, թողեց հեռացավ
4. Համարձակություն/ նա Բելի բիրտ կանչին պատասխանեց նույնքան հանդուգն
5. Հայրենապաշտություն/ պաշտպանություն փնտրեց հայրերի երկրում
6. Քաջություն/ Նա կանգնեց իր զորքի առջևում և Բելին անձամբ սպանեց
7. Մեծահոգություն/ նա ազատ արձակեց Բելի ողջ զորքին
8. Խաղաղապաշտություն/ չշարունակեց հաղթական պատերազմը
9. Արարչագործություն/ հրահանգեց իր որդիներին տարածվել ու շենացնել նախյաց երկիրը:
Այս իննանկյան մեջ է հայոց ողջ հզորությունը, ինչպես նաև ապագայի կառուցման բանաձևը: Այսօր էլ, ինչպես միշտ, շարունակվում է չարի ու բարու անվերջանալի պայքարը և նրա հերթական բախումից հետո կձևավորվեն նոր աշխարհակարգ ու նոր հարաբերություններ..... ինչ պետք է անենք մենք այս նոր «Բաբելոնյան աշտարակաշինության» խառնաշփոթում, ինչպես պետք է պայքարենք մեզ ի վերուստ տրված մեր կենսական տարածքի՝ Հայրենիքի ամեն մի կտորի համար..... պատասխաններն ակնառու են, անփոփոխ՝
Բելն երեկ անարդարությամբ տիրացել է մեր Հայրենիքի մեծ մասին, այսօր՝ Արցախի մի հատվածին ու Շուշիին,

Արցախի հարցով մեզ մտցրել են փակուղի և փորձում են զրկել ազատությունից՝ կցել, կցմցել ինչ-որ մեկին,
մեզ այս վիճակից կփրկի միայն ինքնավստահություն ու ըմբոստությունը,
մենք չպետք է կոտրվենք կազմակերպված պարտության հետևանքով առաջացած մեր «թուլությունից» և համարձակ տեր կանգնենք Արցախին,

Մեր հույսը պետք է դնենք միայն սեփական ուժերի վրա և ապավինենք մեր հողի ուժին,
Պետք է պատրաստվենք նախահարձակման և ոչ թե պաշտպանության՝ վախկոտներն են միայն պաշտպանվում,
Մենք կներենք բոլորին, բայց միայն մեզանից գողացածը վերադարձնելուց հետո,
Մենք պատերազմ երբեք չենք հրահրի, եթե մեզ չպարտադրեն,
Մենք պետք է շատանանք, արարենք ու շենացնենք մեր երկիրն ու Երկիր մոլորակը, քանզի դա է մեր էթնոսի առաքելությունը:
Մեզ պետք է ընդամենը մի քիչ ավելի ինքնաճանաչ լինել, մի քիչ ավելի արժանապատիվ ու մի քիչ ավելի հայրենատեր....

Մենք կարող ենք, մենք միշտ ենք կարողացել և էլի կարող ենք....
Եվ այս պարտադրված պարտության ու թվացյալ անկարողության համատարած ճահճում Արցախի վերջնական վերադարձի գործընթացը սկսելն ինքնավերագտնման ամենակարևոր քայլն է, որի ազդակն ու բանալի բառը Շուշին է, Շուշիի վերադարձը:

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան




Ձեզ գուցե հետաքրքրի